2023 թ.-ին զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տարածել են Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը։
Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն ուղղություններից է, որն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։ Այս համատեքստում խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է ներգրավված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության աշխատանքներում և վերաբերելի խնդիրները անընդհատ է բարձրաձայնում ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում։
Խորը ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի է հասնում։ Ավելին, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների արդյունքում վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։
Վերը շարադրվածը նկատի ունենալով` օրախնդիր է նշված բնագավառում իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման դիմումները ընդունվելու են բացառապես առցանց եղանակով
- Մեր գերեզմանները, մեր տղաները, որ մնացին այնտեղ.Բռնագաղթած արցախցի
- Բռնագաղթած արցախցիներից 12618-ը լքել է Հայաստանը՝ նրանցից վերադարձել է 5473-ը