Ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, որտե՞ղ են երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու քաղաքական դրդապատճառներով. Սամվել Մարտիրոսյան
«Երևանը գրեթե ամբողջությամբ ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ։ Պետությունը պարտադրում է մասնավորին, որ տեղադրեն տեսախցիկներ ու տրվի 24/7 օն-լայն ռեժիմով մուտք ՆԳՆ ՊՈԱԿ-ին»,- «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ ստացվում է՝ ամեն ինչը կենտրոնացած մեկ կետից անընդհատ վերահսկողություն տակ է լինում։
«Պարզ է, որ սա անվտանգության տեսանկյունից կտրուկ որակական, դրական հետևանքներ կարող է ունենալ, կարող է ունենանք անվտանգ երկիր, չնայած փաստենք, որ այն երկրները, որոնց փորձին ՆԳՆ հղում է անում, այնպես չէ որ այնտեղ հանցագործությունները դադարել են։ Մի սպասեք, որ տեսախցիկները տեղադրվեցին, միանգամից հանցագործությունների քանակը նվազելու է»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքացիներին անընդհատ տեսանկարահանվելու են։
«Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած մարդիկ հետևելու են։ Հարց է ծագում՝ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով, չեն հետևելու լրագրողներին, որ բացահայտեն աղբյուրները, ո՞րն է երաշխիքը, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի, մի չինովնիկ չի օգտագործի իր կնոջ սիրածին գտնելու համար։
Առավել ևս որ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ որ մասնավոր տեսախցիկների նկարահանումները մասնավոր կերպով ստանում էին ու հանրայանացնում, իրավական հետևանքներ չեն ունեցել։ Չաշխատող մեխանիզմներ ունենք»,- ասաց Ս.Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ։
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը եւ շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
Հարակից հրապարակումներ`
- «Զիմզիմովի» ախորժակը. Թևանյան
- Այս օրենքի ընդունմամբ, քաղաքացները 24-ժամյա ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ. Մանուկյան