Ի՞նչ է ջերմային սթրեսը, ինչպե՞ս է այն ազդում մեզ վրա
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրեն Լևոն Ազիզյանը բացատրում է, թե ի՞նչ է ջերմային սթրեսը, ինչպե՞ս է այն ազդում մեզ վրա և ինչպե՞ս է այն չափվում.
«Ջերմային սթրեսը մարմնում ջերմության կուտակումն է, որն առաջանում է օրգանիզմի ներսում մկանային ակտիվության, կա՛մ արտաքին միջավայրի կողմից: Դա տեղի է ունենում, երբ մարմնի կողմից շրջակա միջավայրից կլանվող ջերմության քանակը գերազանցում է այն ցրելու օրգանիզմի կարողությունը: Ջերմային սթրեսը սովորաբար առաջանում է այնպիսի գործոնների համակցությունից, ինչպիսիք են շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանը, խոնավությունը, ֆիզիկական ակտիվությունը և հեղուկների անբավարար ընդունումը:
Մարդու ջերմային հավասարակշռությունը որոշվում է մարդու մարմնի կողմից արտադրվող ջերմության և շրջակա միջավայրի հետ փոխանակվող ջերմության միջև: Այս հավասարակշռությունը վերահսկվում է մարմնի ջերմակարգավորման համակարգով (հիպոթալամուսով, քրտնագեղձով, արյան շրջանառության համակարգով և մաշկով), ֆիզիոլոգիա (նրանով թե ինչպես է օրգանիզմը գործում) և վարքագծով, որը ներառում է այնպիսի բաներ, ինչպիսիք են ուտելն ու խմելը, գործունեությունը և հանգիստը, հագուստը և այլն:
Ջերմային սթրեսի ախտանիշները ներառում են մարմնի ջերմաստիճանի բարձրացում, արագ սրտի զարկ, արագ շնչառություն, ավելորդ քրտնարտադրություն, սրտխառնոց, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերում՝ ջերմության հետ կապված հիվանդություններ, ինչպիսիք են ջերմային հարվածը, որը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող վիճակի և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:
Շրջակա միջավայրի պայմանները, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, առանցքային դեր են խաղում ռիսկի բարձրացման գործում, քանի որ դրանք նվազեցնում են քրտինքի գոլորշիացումը, որը մարդու օրգանիզմի հովացման հիմնական մեխանիզմն է: Մաշկից քրտինքի գոլորշիացումը սառեցնում է մեր մարմինը, սակայն խոնավության բարձր մակարդակը սահմանափակում է գոլորշիացման սառեցումը: Արդյունքում մենք կարող ենք տառապել ջերմային սթրեսից և հիվանդություններից, իսկ հետևանքները կարող են նույնիսկ մահացու լինել։ Բացի այդ, ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը մեծացնում է մարմնի ջերմության արտադրությունը՝ մարդկանց ավելի խոցելի դարձնելով։ Անձնական գործոնները, ներառյալ տարիքը, առողջական վիճակը և ընդունված դեղամիջոցները, կարող են նաև մարդկանց ավելի զգայուն դարձնել ջերմային սթրեսի նկատմամբ:
Ջերմային սթրեսի գնահատման համար լայնորեն օգտագործվող ցուցանիշ է Համընդհանուր ջերմային կլիմայական ինդեքսը (UTCI): Սա մարդու ջերմային սթրեսի ինդեքսն է, որը հաշվի է առնում շրջակա միջավայրի տարբեր գործոններ՝ գնահատելու համար մարդու զգացած ջերմաստիճանը և օրգանիզմի ֆիզիոլոգիական արձագանքը ջերմային սթրեսի տարբեր մակարդակներին: UTCI-ն հաշվի է առնում շրջակա միջավայրի հետևյալ պարամետրերը՝ օդի ջերմաստիճան, արեգակնային ճառագայթում, քամու արագություն և օդի խոնավություն:
Այս գործոնները համատեղելով՝ UTCI-ն ճշգրիտ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է մարդու մարմինը ընկալում և արձագանքում ջերմային միջավայրին: Սա հատկապես օգտակար է տարբեր համատեքստերում ջերմային սթրեսի գնահատման համար, ինչպիսիք են աշխատանքային միջավայրը, ակտիվ հանգիստը բնության գրկում և քաղաքային պլանավորումը, որտեղ կարևոր է ջերմային սթրեսի ավելի մանրամասն ըմբռնումը:
‼️UTCI-ն ջերմային սթրեսը դասակարգում է տարբեր մակարդակների՝ հիմնվելով ջերմաստիճանի զգացողության և համապատասխան ֆիզիոլոգիական ռեակցիաների վրա: Այս դասակարգումն օգնում է անհատներին, մասնագետներին և քաղաքականություն մշակողներին ավելի լավ հասկանալ ջերմային սթրեսի տարբեր մակարդակների հետ կապված առողջության վրա հնարավոր ազդեցությունները:
.Համարվում է, որ +26°-ից ցածր ջերմաստիճանում (մինչև +9°) ջերմային սթրես չկա:
.Մարդը չափավոր ջերմային սթրես է զգում +26...+32° ջերմաստիճանում,
.ուժեղ ջերմային սթրես՝ +32...+38°,
.շատ ուժեղ ջերմային սթրես՝ երբ ջերմաչափերը ցույց են տալիս +38...+։ 46°, ցուցմունք,
.ծայրահեղ ջերմային սթրես +46°-ից բարձր ջերմաստիճանում:
Շոգ եղանակին ջերմային սթրեսից խուսափելու համար վերահսկեք ձեր առողջությունը, օգտագործեք ավելի շատ հեղուկներ, կրեք բաց գույնի հագուստ և գլխարկներ և աշխատեք ավելի քիչ գտնվել արևի տակ»։