9-րդ դասարանցիները փորձնական քննություն են հանձնել՝ միասնական էսսե պատմությունից և գրականությունից
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզի 9-րդ դասարանն ավարտող աշակերտներն առաջին անգամ «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննություն են հանձնել միասնական էսսեի ձևաչափով:
Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 2 հիմնական և Գետահովիտի միջնակարգ դպրոցներում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել է քննության ընթացքին և հաջողություն մաղթել աշակերտներին:
«Հաշվի առնելով, որ այս տարի Տավուշի մարզում նոր չափորոշչով ուսումնառություն անցած աշակերտներն արդեն ավարտական դասարաններում են՝ քննությունների ձևաչափերը փոխվել են նոր չափորոշչի տրամաբանությանը համապատասխան, և արդյունքը ցույց է տալու նոր մոտեցումների ազդեցությունը կրթության վրա»,- ասել է նախարարի տեղակալը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այսօր տավուշցի 9-րդ դասարանցիները հանձնել են «Գրականություն» և «Պատմություն» առարկաների ինտեգրված փորձնական (պիլոտային) քննություն: Նրանց տրվել են գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ հիմնականում նույն ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, և պետք էր գրել էսսե դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ըստ չափանիշների ու վերլուծական կարողությունների: Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ հաջողված է այն կրթական համակարգը, որը կարողանում է միջառարկայական կապեր ստեղծել՝ նպաստելով սովորողի քննական և վերլուծական մտածողության զարգացմանը:
«Քննության նոր ձևաչափը միջառարկայական կապեր ստեղծելու և համապատասխան արդյունքները դիտարկելու նպատակ ունի: Այս մոտեցումը միտված է զարգացնելու երեխաների ստեղծագործական միտքը, քննադատական և վերլուծական մտածողությունը, ինքնավստահությունը, մտքերն անկաշկանդ արտահայտելու կարողությունը»,- նշել է փոխնախարարը:
Այս ձևաչափով քննությունը հաջորդ տարի ևս կանցկացվի միայն Տավուշի մարզում՝ կրկին փորձնական: Վերլուծությունների արդյունքում կհասկանանք՝ ինչ խնդիրներ կան, ինչը փոխելու կարիք կա, և միայն 2026-2027 ուստարում կներդրվի մյուս դպրոցներում ևս»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: