![](https://panorama.am/news_images/1007/3019082_1/373622011_628330306088827_2960965874550476235_n.thumb.jpg)
Տոն՝ Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի տոնը։
Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք:
Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»:
Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)
![Ինչպես է քաղաքապետարանը պայքարում բացօթյա առևտրի դեմ](https://panorama.am/video_images/17/49796_1/f667e7ba72a446_667e7ba72a485.png)
![Իրանում հավանական է ընտրությունների երկրորդ փուլ. Իրանագետ](https://panorama.am/video_images/17/49794_1/f667d6fd223ff2_667d6fd224031.jpg)
![Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից](https://panorama.am/video_images/17/49793_1/f667d62f2f3a73_667d62f2f3ab3.jpg)
![Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում](https://panorama.am/video_images/17/49792_1/f667d628649f9b_667d628649fdb.jpg)