Կունենանք ցանց, որը չենք տիրապետում, չգիտենք՝ մեջն ինչ կա, հասկանալի չէ ՀՀ ՆԳՆ-ից բացի ովքեր դրան հասանելիություն կստանան. Արթուր Պապյան
«Հայաստանը չի արտադրում տեսախցիկներ, ցանցային սարքավումներ, կաբելներ, որոնցով տեղեկատվությունը փոխանցվելու է։ Այդ ամբողջ ցանցը կառուցելու համար մենք հույս ենք դնելու օտարերկրյա սարքավորումների, տեխնիկայի վրա»,- «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը։
Նա նշեց, քանի որ Հայաստանը փոքր շուկա է, չի կարծում, որ լինելու է հնարավորություն վերահսկելու ողջ մատակարարման ցանցը. «Թե ճանապարհին մինչև Հայաստան հասնելն այդ տարբեր սարքերի մեջ ինչ կդրվի, չունենք տեխնիկական կարողություն դա վերահսկելու, նույնսիկ վերահսկելու դեպքում՝ հասկանալ՝ բացահայտել են թե ոչ, վերջում ունենալու ենք ցանց, որը չենք տիրապետում՝ մենք չենք արտադրել, չգիտենք՝ մեջն ինչ կա, հասկանալի չէ Հայաստանի ՆԳՆ -ից բացի ովքեր դրան հասանելիություն կստանան»,- ասաց Ա.Պապյանը։
Նա նաև նշեց, որ սարքավորումների, տեխնիկան գնելու է տվյալ տնտեսվարողը, ինչը մեծ ծախսեր է ենթադրում, այսինքն «բիզնեիս վրա դե ֆակտո նոր հարկ է ավելանում առանց լուրջ պատճառաբանության»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ։
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը եւ շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է վերահսկելու վերահսկողներին, որտե՞ղ են երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու քաղաքական դրդապատճառներով. Սամվել Մարտիրոսյան
- «Զիմզիմովի» ախորժակը. Թևանյան
- Այս օրենքի ընդունմամբ, քաղաքացները 24-ժամյա ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան