Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ԵՄ-ն Արցախի հարցում կողմնակալ հայտարարություններ է անում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ԵՄ-ին զերծ մնալ կողմնակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում Երևանի և Բաքվի խաղաղության ջանքերը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հայտարարությունը։
Բորելը կոչ էր արել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին, ինչպես նաև ապահովել Արցախի Հանրապետությունը լքած հայերի իրավունքները, այդ թվում՝ իրենց տներ վերադառնալու։
«Մենք կոչ ենք անում ԵՄ-ին զերծ մնալ կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են խաղաղության ջանքերը տարածաշրջանում, ցավոք, սա ԵՄ բարձր ներկայացուցչի հերթական փորձն է»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Պաշտոնական Բաքուն նաև պնդում է, թե 2020 թվականից ի վեր Բաքվի բանտերից ազատել են 200 հայի։
Բաքուն սակայն անտեսել է այն փաստը, որ ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվում են մի քանի տասնյակ հայ ռեզմագերիներ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց նկատմամբ կիրառվում են Ժնևի կոնվենցիայով սահմանված պահման պայմանների հետևողական խախտումներ։