Բացահայտել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում, համագործակցելով հարկային այլ ստորաբաժանումների հետ, շարունակելով ստվերի դեմ պայքարը, 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկել է 1177 օպերատիվ-հետախուզական միջոցառում: ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն: Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է շուրջ 7.4 միլիարդ դրամով կամ 66%-ով։
Վարչության աշխատակիցները կազմել են հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: Պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 25.4 միլիարդ դրամ։ Նախնական հաշվարկների հիմքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 125 քրեական վարույթ։
• Հարուցված վարչական վարույթներ
Աշխատանքներ են տարվել անփաստաթուղթ ապրանքների մատակարարման դեպքերի բացահայտման ուղղությամբ. այս մասով՝ 155 դեպքով, արձանագրվել է 30.4 միլիոն դրամի տուգանք: Ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի բացահայտման 162 դեպքով արձանագրվել է 159 միլիոն դրամի տուգանք, լիզենզավորման ենթակա գործունեություն առանց լիցենզիա իրականացնելու 85 դեպքով արձանագրվել է 166.8 միլիոն դրամի տուգանք։
•Անշարժ գույքի վարձակալության գործարքներ
2024թ-ին ՊԵԿ ՀՕՀ վարչությունը աշխատանքներ է տարել նաև ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքներն օրենքով սահմանված կարգով չձևակերպելու դեպքերը հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։ Այդ նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է խախտման 20 դեպք, որոնց մասով առաջադրվել է շուրջ 9.8 միլիոն ՀՀ դրամի տուգանք։ Հատկանշական է, որ այս գործընթացը սկսելուց ի վեր քաղաքացիները հարկային մարմին են ներկայացրել բնակարանները վարձակալությամբ տրամադրելու շուրջ 26 500 հայտարարություն։
•ԱԱՀ-ի դեբետային գումարները պետությունից հափշտակելու սխեմաներ
2024թ-ի հունվար-ապրիլ ամսիներին բացահայտվել են ԱԱՀ-ի դեբետային գումարները պետությունից հափշտակելու տարբեր սխեմաներ: Մասնավորապես, ստեղծվել են իրական տնտեսական գործունեություն ծավալելու մտադրություն չունեցող կազմակերպություններ, որոնք փոխկապակցված ընկերություններին դուրս են գրել ծառայությունների մատուցման կամ ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ, ընդ որում և՛ ծառայությունները, և՛ ապրանքները բազմապիսի են՝ ծրագրային ապահովման ծառայություններ, շինանյութի, դիզելային վառելիքի և գյուղատնտեսական ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ։ Իրականում, սակայն, այդ գործարքները տեղի չեն ունենցել. նպատակը եղել է գնորդ կազմակերպության մոտ ԱԱՀ-ի գեներացնելը կամ նշված գումարը պետությունից հափշտակելը։
Նշված սխեմայից մի օրինակ՝ ծրագրային ապահովման ոլորտի մի քանի կազմակերպություն, մասնավորաբար «Ալֆա Ջիմ», «ԱՄՈՆԴ-ԱՐՄ», «ՉԵՐՐԻ ՊԼՅՈՒՍ», «ԽՈՐ ՇԻՆ» ընկերությունները ստացել են ավելի քան 1.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով ակնհայտ կեղծ հարկային հաշիվներ: Վերջիններս հարկային մարմին են ներկայացրել միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումներ, միևնույն ժամանակ հաշիվները դուրս գրող կազմակերպությունները ԱԱՀ գումարները չեն վճարել։ Հարկ վճարողները նախապես ներկայացրել են փոքր գումարի վերադարձի դիմումներ, որից հետո պարզեցված ընթացակարգի դիմումներ: Այսինքն, եղել է նախապես ծրագրավորված, մտածված սխեմա` ԱԱՀ-ի գումարները բյուջեից անխոչընդոտ հետ ստանալու նպատակով։ Արդյունքում, պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 300 միլիոն դրամ: Չարաշահում իրականացնող անձը ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մեկ այլ դեպքով «Վ․Ավետիսյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, չունենալով դիզելային վառելիքի ձեռքբերման որևէ հաշվարկային փաստաթուղթ, 12 կազմակերպության համար դուրս է գրել 3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով շուրջ 8,300,000 լիտր դիզելային վառելիքի կեղծ հարկային հաշիվներ, որոնցում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվել են ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ պետությանը պատճառելով մոտ 500 միլիոն դրամի վնաս: Առավել խոշորներն են «Լիդեր-Օիլ» ՍՊԸ՝ շուրջ 324 միլիոն դրամ, «Ջի ԷՄ ԱՅ» ՍՊԸ՝ շուրջ 65 միլիոն դրամ, «Դավիթ Բոբոխյան» Ա/Ձ՝ շուրջ 20 միլիոն դրամ։ Ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդումը, ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Չարաշահում կատարած անձիք դատարանի որոշմամբ կալանավորվել են։
•Բնակարանների արժեքների թերհայտարարագրման դեպքերի բացահայտումներ
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին շարունակել է նաև բազմաբնակարան շենքի կառուցապատող ընկերությունների կողմից բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում միտումնավոր ցածր գներով և կանխիկ եղանակով օտարվող բնակարանների արժեքների թերհայտարարագրման դեպքերի բացահայտումները։
Բացահայտումներից մի դեպքով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ընկերության ղեկավար անձինք՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները, բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշել օտարվող բնակարանների արժեքները: Այս կերպ պայմաններ են ստեղծել, որպեսզի հարկման ենթակա հաշվարկներում թաքցվեն հարկման օբյեկտները:
Ձեռնարկված «հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում՝ «Մոդերն Թաուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենն, իրենց կողմից կառուցված շենքում՝ 95.9 քմ մակերեսով, 81 միլիոն դրամ իրական վաճառքի գնով բնակարանը վաճառելու նպատակով, բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 80․000 ԱՄՆ դոլար, որից անմիջապես հետո ՊԵԿ աշխատակիցների կողմից տնօրենը և գործարքի կատարմանը ներգրաված մեկ այլ աշխատակից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 93 միլիոն դրամի հարկեր չվճարելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ վարչության կողմից առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։ Արդյունքում, պետությանը պատճառված վնասից 75 միլիոն դրամն արդեն վերականգնվել է։
•ՏՏ կիրառությամբ հարկերը վճարելուց խուսափելու դեպքերի բացահայտումներ
2023թ-ից սկսած և հատկապես 2024 թ-ին ՊԵԿ-ը կենտրոնացել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ հարկերը վճարելուց խուսափելու դեպքերը բացահայտելու եղանակների և մեթոդների վրա։ Խոշոր բացահայտում է տեղի ունեցել 2023 թվականին, երբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, Քննչական կոմիտեի և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել է տվյալների շտեմարան, որի ուսումնասիրությամբ այս պահին ստվերային շրջանառությունը կազմել է շուրջ 105 միլիարդ դրամ, հարկի գումարը՝ շուրջ 32.6 միլիարդ դրամ, որից մինչև օրս վերականգնվել է շուրջ 10.6 միլիարդ դրամը (ցանկն այստեղ)։ Ներկայումս վերականգնման ուղղությամբ իրականացվում են ակտիվ գործողություններ։
2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ շինանյութի, սննդամթրքի, տնտեսական ապրանքների առևտրի, մսամթերքի, գինու-կոնյակի, ծխախոտի արտադրության, ինտերնետ և կաբելային հեռուստատեսության ծառայություններ, հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ հայտնաբերվել են սերվերային համակարգեր, որոնցում արտացոլված իրական շրջանառությունները էականորեն տարբերվում են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված տվյալներից։ Նմանօրինակ բազմաթիվ դեպքեր են եղել:
Օրինակ` սննդի և տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով զբաղվող «Արամ Կարապետյան» անհատ ձեռնարկատերը 2023թ-ին հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով հայտարարագրել է շուրջ 360 միլիոն դրամի շրջանառություն, սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հասցեում հայտնաբերված տվյալների շտեմարանի հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում իրական շրջանառությունը կազմել է շուրջ 1.55 միլիարդ դրամ: Տվյալ ձեռնարկատիրոջ ստվերային շրջանառությունը կազմել է 1.19 միլիարդ դրամ։ Կազմված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է մոտ 400 միլիոն դրամի վնաս։ Նշվածի հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արդեն վերականգնվել է 140 միլիոն դրամ։ Քննիչի կողմից նշանակվել է համալիր հարկային ստուգում, իսկ հետագա հետազոտումների նպատակով վերցված համակարգիչը և սերվերն ուղարկվել են փորձաքննության։
2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին վարչության խոշոր բացահայտումներից է նաև oկտան նավթամթերիքի անվան տակ ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից մեծ քանակությամբ բենզինի ներկրումը։ Մասնավորապես՝ ձեռներկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Հայր և Որդի Հարոյաններ», «Էդո-Սարուխ», «Գազ-Պրոպան», «Գոռես», «Էկոքիմսինթեզ», «Ռոսօկտանիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները և Կարեն Մուրադյան Ա/Ձ-ն օկտանի անվան տակ փաստացի ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում բենզին՝ այս եղանակով խուսափելով առանձնապես խոշոր չափերի ակցիզային, բնապահպանական և ԱԱՀ-ի վճարումից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ օկտանի անվան տակ ներմուծված 31 բեռնատարներից կատարվել են նմուշառումներ և ուղարկվել փորձաքննության։ Փորձաքննության եզրակացություններով հիմնավորվել են, որ ներմուծված օկտանն իրականում բենզին է։ Նշված հիմքերով հաղորդումներ են ներկայացվել Քննչական Կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Միաժամանակ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, արդեն իսկ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 65 միլիոն դրամ հարկ։
ՊԵԿ-ը վճռական է տրամադրված ստվերում գործող տնտեսվարողների նկատմամբ և շարունակելու է հարկային իրավախախտումները կանխելուն և խափանելուն ուղղված գործընթացները:
Մանրամասները՝ տեսանյութում: