Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը
66 տարեկանում մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Լուրը հայտնում է ինստիտուտից. «Ցավակցում ենք Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»։
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան