Թող մեքենաների մասին չմտածի, թող պատասխանի՝ ո՞ւր է Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Դադիվանքը, մեր տղերքի շիրիմները. Բագրատ Սրբազան
«Ոչ միայն իրավական չեմ համարում, այլև բարոյական։ Իրենք որևէ քաղաքացու դարպասին իրավունք չունեն նույնիսկ մոտենալու, ուր մնաց Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կամ այլ պետական կամ ոչ պետական շենքի»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 21-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցածին, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա արվում է քրեական վարույթի շրջանակներում։
«Մարդիկ եկել են այստեղ, փորձել են դիմակահանդես սարքել, ինչպես սարքում են միշտ, դարպասները ջարդել են, որի կարիքը չկար, կարող էին հանգիստ բացել ու մտնել ներս։
Սա անթույլատրելի է, ու ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական ուժերին, որ այս երևույթի նկատմամբ գնահատական հայտնեն։ Իրենք կհանդուրժե՞ն, որ իրենց դարպասները կոտրեն, անկախ նրանից թե խնդիրն ինչ է։
Փորձում են ամեն գնով նվաստացնել, ճնշել, ամեն հնարավոր տարբերակով, հավանաբար նաև Ադրբեջանից է եկել ուղերձ, շատ հավանաբար, չենք բացառու։ Տևական ժամանակ ընկել են ինչ որ մեքենայի հետևից։ Այդ մեքենա՞ն է ձեզ երջանկացնում։
Հսկա երկիրը տապալել, կործանել եք, հայրենիքը հանձել եք, հիմա ընկել եք ինչ-որ մեքենաների հետևի՞ց։
Ինչո՞ւ չեն ասում, թե Արցախից որքան գույք, մեքենաներ, այդ թվում որքա՞ն շտապօգնության մեքենաներ են բերել, հանձնել այստեղ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։
Բացի այդ, մարդիկ մի կերպ պե՞տք է հասնեին Հայաստան։ Ի՞նչ են արել իրենք, ուղղաթի՞ռ են ուղարկել, մեքենա՞, բացի երկիրը հանձնելուց, բացի ասելուց, որ մեր ձեռքերը Պիղատոսի պես լվացել ենք։ Երաշխավորը չի՞ եղել Արցախի։
Թող մեքենաների մասին չմտածի, թող պատասխանի՝ ո՞ւր է Գանձասարը, ո՞ւր է Ամարասը, ո՞ւր է Ղազանչեցոցը, ո՞ւր են մեր տղերքի շիրիմները։ Դրանք ինքը լրիվ գողացել է, կողոպտել է, այն մեծախոսիկներն էլ իր հետ։
Դադիվանքը որտե՞ղ է այսօր, ո՞վ է գողացել այդ բոլորը։ Ինքն է գողացել իր մի քանի զինվորիկների հետ։ Սրա մասին թող խոսի, ոչ թե, որ մարդիկ մեքենայով եկել են Հայաստան։ Դու բնավեր ես արել այդ մարդկանց, այ մեքենա չտեսած մարդ։ Դու խոսի թե այդ սրբությունները, մարդկանց շիրիմներն ի՞նչ ես արել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց, որ իրենք բազմաթիվ անգամ խոսել են Արցախի մասին պայմանավորված ժողովրդի տուն վերադառնալու իրավունքով։
«Թե՛ ԵՄ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ողջ աշխարից արցախցիների իրավունքների մասին խոսում են, բացի Հայաստանի Հանրապետությունից ու իր գործընկեր Ադրբեջանից»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդները վերացնելու հարց է. Արցախի նախագահ
- Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
- Սա պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին.Փաստաբանը՝ ԱՀ նախագահի մեքենան առգրավելու մասին
- Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան