Սննդագետը՝ մարդ- սնունդ «ինտիմ» կապի և տարածված սննդային միֆերի մասին
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ «Սննդանյութեր. տեսակները, աղբյուրները» թեմայով սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի սեմինարը, որը վարում էր սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Քննարկման ընթացքում բավականին հետաքրքիր տեղեկություններ փոխանցվեցին՝ ինչպես հանրության շրջանում տարածված սննդային միֆերի, այնպես էլ գրագետ սննդակարգն ընտրելու և հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու մասին։ Այս ամենը կազմակերպվեց նաև ինտերակտիվ հարց ու պատասխանի տեսքով, որպեսզի ներկաներն ավելի լավ պատկերացում ունենան մարմնի իրենց զանգվածի, ընդունվող սննդանյութերի դրական և բացասական ազդեցությունների մասին։
Եկեք համաձայնեք, որ գրագետ սնունդ ընդունելու մշակույթը զարգացած չէ մեզանում։ Ինչի մասին խոսում է նաև երեք տարի շարունակ իրականացված «Սննդանյութերի ընդունման գնահատում» ծրագրի արդյուքները։
ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են հանրապետութայն բնակչության սննդակարգը՝ հասկանալու,թե որքա՞ն կալորիա են ստանում, ո՞ր աղբյուրենրից, արդյո՞ք առկա համամասնությունները համապատասխանում են միջազգային մարմինների կողմից երաշխավորվող քանակներին։
«Մեր հասարակության մեջ կոնկրետ սննդանյութերի, տեսակների և աղբյուրների հետ կապված կան բազմաթիվ միֆեր։ Հետևապես գիտահանրամատչելի սեմինարներն անհրաժեշտ են , քանի որ սննդագիտության և սննդաբանության ոլորտում կան բազմաթիվ սիրողական մակարդակի տեսանյութեր, հաղորդումներ, որոնք կարող են մարդկանց ապակողմնորոշել և այսօր քննարկվում էր հենց այդ միֆերը»,- ասաց Պիպոյանը։
Մեր ընթերցողների հետ մասնագետը կիսվեց սննդի հետ կապված տարածված միֆերից մի քանիսով։
«Կա տարածված միֆ, որ ձեթն ավելի քիչ կալորիականություն ունի, քան՝ կարագը, մինչդեռ ճիշտ հակառակն է։ Սննդային միֆերը շատ շատ են, Հայաստանում ՝ անսահմանափակ։ Նույն սննդակարգում ածխաջրերի հետ կապված : Ասում են՝ ձմերուկը չի կարելի օգտգործել պանրի հետ կամ հացը՝ պանրի հետ, սրանք ևս տարածված միֆերից են»,- ասաց նա։
Հարկ է ընդգծել, որ սխալ սննդակարգը կարող է հանգեցնել առողջական այս կամ այն խնդրի առաջացմանը։
«Մարդու սննդակարգում բջջանյութի պակասը բնականաբար կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ապացուցված է, որ աղեստամոքսային համակարգի աշխատանքի համար, ինչպես նաև՝ սրտանոթային համակարգի, իշեմիկ հիվանդությունների կանխարգելման գործում վերջիններս ունեն կարևոր դեր և նշանակություն»,-ասաց նա։
Ըստ մասնագետի՝ կան սննդաբաներ, որոնք օրինակ՝ մարդուն նիհարելու համար խորհուրդ են տալիս սննդակարգից հանել նույնիսկ մրգերը կամ բանջարեղենը։
«Նիհար, չի նշանակում լինել առողջ։ Բազմաթիվ նիհար մարդիկ կան, որոնք անառողջ են։ Մարդը պարզապես պետք է հետևի ՝ ունենալ առողջ քաշ, սակայն դրա համար պետք է սննդի միջոցով ընդունի անհրաժեշտ նյութերը՝ մակրոսննդանյութեր, միկրոսննդանյութեր։ Ոչ մի սննդակարգի չարժե հետևել, եթե այն պետք է լինի մեր առողջությունը վնասելու հաշվին։ Մարդու արտաքինը, էսթետիկ տեսքը ունի կարևոր դեր, սակայն ոչ առողջության հաշվին։ Սննդակարգը պետք է լինի բալանսավորված, եթե տվյալ նյութը ունի կարևոր դեր օրգանիզմի համար , ապա այն պետք է ընդունել։ Բազմաթիվ նիհարեցնող մեթոդներ կան, որոնք խիստ բացասաբար են ազդում մարդու առողջության վրա։ Նիհարե՛ք գրագետ և առողջ։ Մարդը սննդի հետ պետք է ունենա ներդաշնակ հարաբերություններ։ Մարդը և սնունդն «ինտիմ» կապի մեջ են։ Միայն գիտակցված և իրազեկ սպառման սովորույթների ձևավորումն է, որ կարող է մեզ դարձնել ներդաշնակ՝ սննդի հետ»։
Մասնագետը խորհուրդ տվեց վերադառնալ հին հայկական կերակուրներ պատրաստելու կուլտուրային։
«Մեր հայկական ավանդական ճաշատեսակները հիմնական եփված, խաշված վիճակում են։ Խորհուրդ կտամ անցում կատարել հենց հին մեթոդներին։ Ի դեպ, բուսայուղի հետ կապված ասեմ, որ սա ևս մեր մշակույթ նոր է եկել, հիմա է սկսվել այն օգտագործվել տապակաների համար։ Նախկինում ավելի ընդունված է եղել կարագը, յուղը, նաև՝ խոզի ճարպը։ Մենք պետք է նայենք ոչ միայն ինչ-որ խմբերի վրա իրականացված գիտական փորձեր, այլ նաև հաշվի առնել տարածաշրջանի սննդակարգը՝ որպես պատմական ժառանգություն։ Յուրաքանչյուր երկիր իր մարդաչափական պարամատրերից ելնելով և ազգաբնաչկության սննդակարգից ելնելով է իրականացնում օրական կալորիաների քանակը»,- նշեց Պիպոյանը։
Ինչ վերաբերում է բուսակերության անցնելու միտումը, ապա սննդագետը այն կտրականապես խորհուրդ չի տալիս՝ ընդգծելով, որ այն մարդու առողջության համար ռիսկեր է պարունակում։
«Ամիսներ առաջ ՍԱՏՄ-ն հրապարակեց տարիներ առաջ իրենց կողմից իրականացված մրգի, բանջարեղենի փորձաքննության արդյունքում հայտնաբերված բազմաթիվ խախտումները ՝ վտանգավոր թունաքիմիկատների հետ կապված։ Բուսական ծագում ունեցող մթերքների վտանգներն այլ են, կենդանականը՝ այլ։ Երբ սննդակարգում, որոշակի տոկոսը բուսական է, որոշը՝ կենդանական, ապա ռիսկերը բնականաբար մեղմվում են»,- ասաց գիտնականը։
Սննդի հետ կապված տեղեկատվական շարքը շարունակական է լինելու։ Պիպոյանի խոսքով՝ նախատեսում են և՛ չափահասների հետ քննարկումներ, և՛ մանկապարտեզներում ու դպրոցներում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան