Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը գրում է.
«84-ին էր, երբ առաջին անգամ Լալային տեսա «Փոսի» թատրոնի փոքրիկ, մտերմիկ բեմում, սիրելի դարձող նկուղի մի տեսակ կիսամութի մեջ։
Լալան խաղում էր Գելմանի «Նստարան»-ում։
Լալայի Վերան բորբոքել էր թատրոնական աշխարհի կրքերը։
Սպենդիարյանի տուն-թանգարանի դիմաց, Նալբանդյան-Թումանյան անկյունում մի նստարան կար։ Աշնանային Երևան էր, Լալան` արդեն թատրոնական բոմոնդի թաքուն ու անթաքույց խոսակցություններից բարձրացող, ու մենք այդ նստարանին նստած երկար խոսեցինք «Նստարան»-ից, նոր թատրոնից, Ղազարյան Հրաչից, Գելմանի նոր դրամատուրգիայից, Գելմանի Վերայից, որը Լալայի կերպավորմամբ զգացմունքների մի հզոր կծիկ էր, ուր անբաժանելիորեն միահյուսված էին մարդկային հոգու նուրբ թրթիռներն ու նրանում տեղ գտած ատելությունը, տառապանքն ու բավարարվածությունը։
Լալան մի այլ կրքով էր խաղում Վերային։ Լալան չէր խաղում։ Լալան, ուղղակի, արտիստ էր, որ հենց բեմի վրա ապրում էր կնոջը։
Լալան «Նստարան»-ով ասաց, որ թատերական համաստեղությունում ինքը նոր աստղ է` վառ առկայծող, փայլող աստղ։
Երկրորդ անգամ Լալային տեսա 89-ին, «Փրկեք ձեր հոգիները» ներկայացման մեջ, Սունդուկյանի բեմում։
Նույն Լալան էր` կրքերի նույն խառնարանը` բարդ հոգեբանական, զգացմունքային ոլորաններում, հոգու ամենախորքային շերտերում լինելու իր շա՜տ հասուն կարողությամբ, կատարելության հասնող մարմնավորումով, կերպափոխմամբ, ու վախեցնելու չափ անկեղծ։
Ես Լալայի այս երկու խաղն էի տեսել և դա բավական էր արձանագրելու, որ Լալան մեծ թռիչքի արտիստ էր, բայց, ցավոք, մեր թատրոնն այդ թռիչքին ընդառաջ չէր, այդ թռիչքին պատրաստ չէր ու առանձին պոռթկումները մնացին առանձին պոռթկումներ։
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Լալա։
Սիրելի Աշոտ Համբարձումյան, մխիթարվեք, որ Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ ու ուղեկից է լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
- Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան