Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազում է, բայց 50 %-ով աճել է Հնդկաստանից եկողների թիվը. Աղասի Թավադյան
Ըստ վերջին վիճակագրական տվյալների, 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են այցելել, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Դրա փոխարեն կտրուկ 50 %-ով աճել է Հնդկաստանից ժամանածների թիվը։ Միտումը պարզաբանելու խնդրանքով Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանին։
«2020 թվականին մեր մոտ զբոսաշրջությունը գրեթե 0-էր՝ զբոսաշրջիկների ոչ ներհոսք կար՝ ոչ արտահոսք։ 2021 թվականից հետո ունեցանք վերականգնողական բավականին մեծ աճ, որը պայմանավորված էր ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով բավականին մեծ թվով ռելոկանտների ներհոսքով։ Մինչև 2021 թվականը զբոսաշրջիկների ներհոսքն ու արտահոսքը, մոտ 12 % աճ էր գրանցում և այդ երկու ցուցանիշներն իրար հավասար են։
2021 թվականից ունենք բավականին մեծ աճ, սակայն ներհոսքի աճը մոտավորպես 1.6 անգամ ավելի մեծ է եղել, քան արտահոսքի աճը. Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է մտել, քան դուրս է եկել։ Սակայն եթե նայենք 2023 թվականի վերջին և 2024 թվականի առաջին եռամսյակին, այդ մեծ աճը կանգ է առել, այսինքը գտնվում ենք պիկային կետում և նույնիսկ կա նվազման տենդենց, հիմնականում՝ ներհոսքի։
Եթե նայենք ընթացիկ հաշվեկշիռը, ապա կտեսնենք, որ տուրիստական ծառայություններն էլ ունեն կրճատման միտում։ 2022 թվականին զուտ տուրիստական ծառայությունների ներհոսքը, մոտ 1 մլդ դոլարի միջոց է բերել Հայաստանի Հանրապետությունը, որն այդ տարի մեր ողջ ՀՆԱ-ի զգալի հատվածն է եղել։ Պարզաբանեմ, որ այդ թիվը զբոսաշրջիկների բերած և տարած գումարների տարբերությունն է։ 2023 թվականի 4-րդ եռամսյակում՝ համեմատած նույն տարվա 3-րդ եռամսյակի ներհոսքի տվյալները, տուրիզմի արտահանումը կրճատվել է մոտ 40 %-ով։
Սա մենք տեսնում ենք նաև վարձակալության գներից, որը նույնպես անկել է։ Եթե մինչև 2023 թվականի աշունը Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանը վարձով էր տրվում միջինը 1000 դոլարով, ապա այսօր այն 700 դոլար է կազմում։ Սա նույնպես խոսում է այն մասին, որ զբոսաշրջիկների քանակն անկում է ապրում։
2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 450 հազար մարդ, որից 50 %-ը կամ 225 հազարը եղել են Ռուսաստանի Դաշնությունից: 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 436 հազար մարդ, որից 42 %-ը կամ 184 հազարը եղել են Ռուսաստանից: Փաստորեն, 2020 թվականից հետո առաջին անգամ առկա է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի կրճատում: 2024 թվականի առաջին եռամսյակում 3.2 %-ով ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, իսկ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը նվազել է 18.7 %-ով:
Դրա փոխարեն աճել է Հնդկաստանից եկող զբոսաշրջիկների թիվը, որոնք հիմնականում բանակային տարիքի արական սեռի զբոսաշրջիկներ են՝ առանց ընտանիքների։
Եթե 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 6.7 հազար Հնդկաստանի քաղաքացի՝ ընդանուր այցելությունների 1.5 %-ը, ապա 2024 թվականի առաջին եռամսյակում՝ արդեն 13.2 հազար հնդիկ՝ ընդանուր այցելուների 3 %-ը:
Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը մեկ օրից ավելի, մինչև մեկ տարի այցելում է տվյալ երկիրը։ Հնդկաստանից ժամանած քաղաքացիները կարող են 6-7 ամիս մնան Հայաստանում և համարվեն զբոսաշրջիկ, բայց հասկանալի է, որ նրանք հիմնականում գալիս են կարճաժամկետ աշխատանքի։
Սա որոշակի մտահոգություններ է առաջացնում առաջին հերթին, այն որ ընդհանուր զբոսաշրջությունը կրճատվում է՝ հիմնականում ՌԴ-ից։ Վերջին ամիսներին կրկին դրամը արժևորվեց՝ 405 դրամից հասնելով մինչև 385 դրամի։ Այստեղ նշենք, որ փոխարկող արժույթներից վերջին մի քանի տարիներին ամենաարժևորվածը հայկական դրամն է, որը 2020 թվականի սկզբից արժևորվել է մոտ 20 %-ով։
Սա նույնպես որոշակի հարված է հասցնում զբոսաշրջությանը, որովհետև եթե առաջ զբոսարջիկը գալիս էր Հայաստան և, օրինակ, 2019 թվականին 100 դոլարը մանրում էր և 48 հազար դրամ էր վերցնում, 2024 թվականի սկզբին՝ 40 հազար դրամ, ապա այսօր վերցնում է 38 հազար դրամ։ Հետևաբար՝ զբոսաշրջիկների համար Հայաստանը թանկացել է և և շատ զբոսաշրջիկներ նախընտրում են այլ պետությւոններ այցելել։
Այսօր զբոսաշրջիկների թիվն ընկնում է, և ռելոկանտների վերադրաձի միտում կա, շատերը լքում են Հայաստանը»,-ասաց Աղասի Թավադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկներին տանում ենք պաշտպանական գծերի արանքով, պատկերացնո՞ւմ եք, այդպիս բան չէր եղել. Լուսինե Հարոյան
- Զբոսաշրջիկների վերաբերյալ կոմիտեի տվյալները կասկածի տեղիք են տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան