«Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը
Նախորդ տարվա նոյեմբերին Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնի (IDFA) «Լավագույն ֆիլմ» ճանաչվելուց եւ FIPRESCI-ի մրցանակին արժանանալուց հետո, Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակը ստանալուց և բազմաթիվ այլ կինոփառատոներում ցուցադրվելուց ու պարգեւատրվելուց հետո վերջապես «Ոսկե ծիրան»-ում իր երևանյան պրեմիերան կունենա անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկը՝ Շողակաթ Վարդանյանի «1489»-ը։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնից։
Հեղինակը վավերագրում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։
«Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով
- Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակին արժանացած «Դահոմե» ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակում
- «Ոսկե ծիրանի» միջազգային ֆիլմերի մրցույթի ժյուրի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը
- Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»
- Շողակաթ Վարդանյանի «1489»-ը՝ «Սինեեվրոպայի» լավագույն 25 ֆիլմերի ցանկում