Ուժեղ մարդ էր Լալա Մնացականյանը, կնոջը նույնիսկ ոչ բնորոշ ուժ ուներ. Թովմաս Պողոսյան
«Լալայի ու Աշոտի ընտանիքին ծանոթ եմ ավելի քան 40 տարի ու հիանում էի այդ ընտանիքով։ Իսկ Լալա Մնացականյանը բացառիկ տաղանդավոր դերասանուհի էր՝ հմայքով լեցուն, գեղեցկատես»,- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։
Նրա խոսքով, Լալայի կատարած դերերը ընդմիշտ մնալու են հայ բերմարվեստի պատմության մեջ։
«Ուժեղ մարդ էր Լալան։ Կնոջը նույնիսկ ոչ բնորոշ ուժ ուներ, խելացի ու համարձակ էր»,- Թ.Պողոսյանն այսպես բնութագրեց դերասանուհուն։
«Սիրելի էր մեր ժողովրդի համար։ Գնաս խաղաղությամբ, սիրելի Լալա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։
Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Հարակից հրապարակումներ`
- Լալան ոչ միայն «Մեր բակն» էր, այլ «Մեր բակի» ամենալավ գույներից մեկն էր. Աշոտ Ղազարյան
- Ապրես, ապրելու հույս ես տալիս, կարծում ես, ոտքի կկանգնե՞նք. Լալա Մնացականյանը՝ Վարդան Պետրոսյանին
- Լալայի աստղը երկնքից միշտ լինելու ձեզ հետ, մեզ հետ. Արայիկ Մանուկյան
- Լալա Մնացականյանին կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը
- Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
- Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը