Ռուբեն Հայրապետյանն ինձ ուղարկեց Բրազիլիա` մարզվելու, նոր բաներ սովորելու. Հենրիխ Մխիթարյան
Newmag/summerfest-2024-ի շրջանակում երկրպագուների հետ հանդիպման ժամանակ իտալական «Ինտեր» ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ հինգ լեզվով գերազանց խոսում է, թեև գիտի ևս երկու լեզու, որոնք ժամանակի ընթացքում մոռացել է։
«Գերմաներնն ու պորտուգալերենը մոռացել եմ։ Քանի որ Գերմանայից տեղափոխվեցի Անգլիա, չունեի խաղընկերներ, ում հետ կարող էի շփվել գերմաներեն, շատ շուտ մոռացա։ Չնայած հիմա «Ինտերում» ունենալով գերմանախոս ֆուտբոլիստներ, նրանց խոսելուց հիշում եմ մոռացածս։
Պորտուգալերեն սովորել էի, երբ 13 տարեկան էի, «Փյունիկի» դպրոցից Ռուբեն Հայրապետյանն ինձ երկու խաղընկերներիս հետ ուղարկեց Բրազիլիա՝ մարզվելու, նոր բաներ սովորելու ու սովորածը այստեղ մեր տարիքային խմբում կիսվելու, որպեսզի նրանք տեսնեն, որ մեծ տարբերություն կա այնտեղի և այստեղի ֆուտբոլային մշակույթների մեջ։
Ցավոք, հետ վերադառնալով, մոռացա պորտուգալերենը, բայց հույս ունեմ, որ ֆուտբոլային կարիերայից հետո ժամանակ կունենամ նորից վերհիշելու այդ լեզուն»,-ասել է Մխիթարյանը։
Հենրիխ Մխիթարյանը նաև նշեց, որ շատ է սիրում կարդալ. «Տարբեր տարիքում նույն գիրքը կարդալով՝ տարբեր կերպ ես այն ըմբռնում։ Դա ավելի հաճելի է, քանի որ հասկանում ես, որ արդեն նույն մարդը չես, զարգացել ես, ավելի այլ կերպ ես ըմբռնում այս կյանքը։ Սիրում եմ տարբեր ժանրերի գրքեր։ Շատ նվերներ եմ ստանում՝ գրքի տեսքով»։
Հարակից հրապարակումներ`
- Մեսսի՞, թե՞ Ռոնալդու. Հենրիխ Մխիթարյանի արձագանքը
- Շատ գիրք կարդալ, ժամանակը չվատնել հեռախոսների վրա, դա ձեզ ապագա չէ. Հենրիխ Մխիթարյանի խորհուրդը պատանիներին
- Ազգային հավաքականի դուռն ինձ համար փակ է. Հենրիխ Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին