Վարչական դատարանը չի պատրաստվում բարձրացնել աշխատավարձերը
ՀՀ վարչական դատարանում գործադուլ են անում դատավորների օգնականները, գործավարները ու նիստերի քարտուղարները։ Վարչական դատարանի գրասենյակը ժամը 12։30-ից փակ է։
ՀՀ Դատական դեպարտամենտից Panorama.am-ին հայտնեցին, որ վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ:
«Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։
Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։
Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»,- նշում են Դատական դեպարտամենտից։
«Պետք է աշխատավարձի բարձրացում տեղի ունենա, որ կարողանանք թե որակ ապահովել, թե այս ծավալի տակից դուրս գալ, քանի որ բոլորը մնում են մինչև ուշ գիշեր, տաքսիներով տուն են գնում, տակը բան չի մնում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է աշխատակիցներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ։
Երեք ամիս առաջ աշխատողներին ղեկավարությունը խոստացել է, որ աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան, սակայն, գործադուլավորներից մեկի խոսքով, «նրանք մեզ խաբեցին»։
Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով՝ անգամ խոստացել են, թե դատավորների օգնականների աշխատավարձերը մինչև 400 հազար կբարձրացվեն։ Ըստ նրա՝ շատերն այդ խոստմանը հավատալով՝ աշխատանքի տարբեր առաջարկներից հրաժարվել են՝ վստահ լինելով, որ շուտով իրենց պայմանները կբարելավվեն։
«Այսօր առավոտյան պատասխանը ստացել ենք, որ աշխատավարձերը չեն բարձրանալու։ Անցած դեկտեմբերին ասում էին հունվարին, հետո ասին՝ հուլիսին, հիմա հուլիսը եկավ, ասում են նախագիծը հունվարին կներկայացնենք ու արդեն քանի տարի՝ այսպես է շարունակվում։ Ու դեռ նախագիծ կամ փաստացի գործողություններ չենք տեսնում, իսկ աշխատանքի ծավալը գնալով մեծանում է»,- նշել է զրուցակիցը։
Նա հավելել է, որ անգամ պարգևավճար այս անգամ չեն ստացել, քանի որ իբր թե հուլիսից աշխատավարձերը բարձրանալու էին։ Վարչական դատարանի՝ գործադուլ հայտարարած աշխատակիցները կոչ են անում մյուս դատարանների իրենց գործընկերներին ևս միանալ, քանի որ խնդիրը բոլորին է վերաբերում։
Նրանք իրենց դժգոհությունների վերաբերյալ համապատասխան գրություններ են ուղարկել Դատական դեպարտամենտ, Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարին, կառավարություն, վարչապետին, հիմա սպասում են պատասխանի։ Նշում են՝ շարունակելու են գործադուլը, քանի դեռ հստակ պատասխան չեն ստացել, որովհետև նման ծավալի աշխատանք անել այդքան ցածր վարձատրությամբ, անհնար է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան