ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավարն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը ներկա են գտնվել հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնին
Հայաստանը հունիսի 22-24-ը հյուրընկալել էր «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնը, որը կազմակերպել էին Տուրիզմի հայկական ֆեդերացիան և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի ծրագրի» և «Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի» աջակցությամբ։
Միջոցառումը մեկնարկեց հունիսի 22-ին Դիլիջանում կայացած մեծամասշտաբ հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնի անցկացմամբ, որը նվիրված էր երկու ժողովուրդների հարուստ խոհարարական ավանդույթների ու մշակույթի տարածմանը, ինչպես նաև նպատակ ուներ խթանել տարածաշրջանային զբոսաշրջությունը։ Միջոցառումն անցկացվում էր երկորրդ տարին անընդմեջ և նպատակ ունի դառնալ Հարավային Կովկասի զբոսաշրջային ամենամյա գլխավոր իրադարձություններից մեկը։
Փառատոնին երկու ժողովուրդների անհատական տաղավարներում անցկացվել են խոհարարական մաստեր-կլասեր և մրցույթներ, ներկայացվել են արվեստի և արհեստի ցուցադրություններ, իսկ բեմից երաժշտական կատարումները է´լ ավելի են ընդգծել երկու ազգերի՝ միաժամանակ եզակի և ընդհանուր մշակութային ժառանգությունը:
Փառատոնը Դիլիջանում հյուրընկալեց հազարավոր տեղացի և միջազգային այցելուների՝ բարձրացնելով հայկական և վրացական խոհանոցների ու մշակույթի տեսանելիությունը և նոր շունչ հաղորդելով տարածաշրջանային զբոսաշրջությանը:
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունել են ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհանոցային փառատոնի շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի և «Հարավային Կովկասի տարածաշրջանային զբոսաշրջության ծրագրի» աջակցությամբ, կայացել են զբոսաշրջության ոլորտի հայ և վրացի գործարարների հանդիպումներ «Բիզնեսը՝ բիզնեսին» (B2B) ձևաչափով՝ համատեղ զբոսաշրջային փաթեթների մշակման և իրագործման հնարավորությունները քննարկելու նպատակով, իսկ հունիսի 24-ին Երևանում կայացել է հայ-վրացական գործարար համաժողովը։
Գործարար համաժողովին զբոսաշրջության ոլորտի հայ և վրացի գործարարների, պետական համակարգի ներկայացուցիչների և զբոսաշրջության ոլորտի այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել են հայ-վրացական համատեղ տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների խթանմանը և հայ-վրացական մշակութային ժառանգության ընդհանրություններին և առանձնահատկություններին նվիրված հարցեր։
Երկու երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների միջև նմանատիպ հանդիպումների անցկացումը էապես կամրապնդի տարածաշրջանային զբոսաշրջության բնագավառում գործընկերությունն ու կնպաստի այդ թվում տեղական բիզնեսի կարողությունների զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամանթա Փաուեր. ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ հետ
- ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մեկնարկեց 25 միլիոն ԱՄՆ դոլար բյուջեով տնտեսական ծրագիրը
- ԱՄՆ ՄԶԳ. 4.1 միլիոն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն՝ ԼՂ-ից տարհանված անձանց
- Վայոց Ձորում Ադրբեջանի վերջին հարձակումներից տուժած 1,500 ընտանիքի կտրամադրվի օգնության փաթեթ․ ԱՄՆ ՄԶԳ