Աշոտ Հարությունյան. Եկեք, մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ չի սպասում, մենք էլ պատրաստ չենք
«Հայաստանի թիվ մեկ խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է ու դրանից բխող քայլերը»,-ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նշենք, որ նա մասնակցում է «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկմանը։
«Երբ հարցը դրվում է Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ, մենք պետք է հասկանանք, որ մի դեպքում պարզորոշ կերպով, մյուս դեպքում քողարկված երևում է, որ դրանց հետևում ռազմական բլոկներ կան։ Պետք է վերլուծել, թե դրանք ինչ են տվել մեր երկրին, ի՞նչ են տալիս, ի՞նչ են տալու։ ԵՄ-ի հետ պետք է ունենալ բարիդրացիական, տնտեսական կապեր՝ չվնասելով այն կապերը, որ ունենք ԵԱՏՄ-ի հետ»,-ասաց բանախոսը։
Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ ռուս-ուկրիանական պատերազմից հետո եվրոպական շատ զարգացած երկրներում սոցիալ-տնտեսական վիճակը բարդացել է, անկումներ են գրանցվում, գյուղատնտեսական շարժումներ են սկսվում, բողոքի ակցիաներ են, ընդհուպ գոմաղբը բերում-լցնում են կառավարության շենքի դիմաց։
«Տնտեսության առումով Ռուսաստանում ՀՆԱ-ն աճել է 3 տոկոսով, մինչդեռ եվրոպական երկրներում անկում է ապրել։ Մենք պետք է ընտրություն կատարենք այսպես ասեմ՝ վատի ու վատագույնի միջև։ Հայաստանում հացի ինքնաբավության մակարդակը մեզ մոտ 22 տոկոս է, պատերազմող երկրի համար սա խայտառակություն է։ Տարեկան մոտ 450 հազար տոննա հացահատիկ արտոնյալ պայմաններով ու գներով Ռուսաստանից բերվում է Հայաստան այնպես, ինչպես Ախուրյանից կբերվեր Երևան առանց չափազանցության»,-ասաց Աշոտ Հարությունյանը։
Նա ուշադրություն հրավիրեց վառելիքային խնդրի վրա, երբ Ռուսաստանը չտրամադրի գազ արտոնյալ պայմաններով, հիշեցրեց, որ Ռուսաստանի հետ ռազմական բլոկի մեջ են։
«Ես համարձակվում եմ ասել, հազարամյա պատմությունը ցույց է տվել, որ թեկուզ ուշացած միշտ ռուսի սապոգը մեզ փրկել է թուրքի յաթաղանից։ Բոլոր առումներով մենք պատրաստ չենք ԵՄ մտնելու՝ թե տնտեսության, թե հոգևոր, թե մշակութայի։ Սահմանափակումներն այնտեղ շատ են։ Եկեք մենք մեզ չխաբենք, ԵՄ-ն մեզ այսօր չի սպասում։ Պատուհան դեպի Եվրոպա խաբկանք , ներողություն բառի համար, լկտի սուտ է, նամանավանդ տեսեք, ովքեր են քարոզում, ովքեր են եղել նախկինում, ինչ խմորից հունցած հաց են, ինչ են առաջարկում երկրին։ Անունները դեռ տալ չեմ ուզում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում, այն բացառված է. Միքայել Մելքումյան
- Հայաստանի կենսական նշանակության տնտեսական միությունները կարող են կորսվել արհեստական խոստման դիմաց. Շաքե Իսայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան