Արմինե Օհանյան. Անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել
«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Ինչո՞ւ է համեստ, ամաչկոտ, քչախոս, զուսպ մարդն արագությամբ` ուղղակի մի քանի տարում կատաղում, հաբրգում, լկտիանում, դառնում ամբարտավան ու անպատկառ: Այո, ճիշտ եք` նման արագությամբ միայն մի բան կարող է մարդուն փչացնել` բարձր պաշտոնը:
Նա արագ մոռանում է, թե ով է ինքը, որտեղից է եկել, ում շնորհիվ է հասել այդ «բարձունքին», և սկսում է «վերևից նայել» մարդկությանը: Դրա համար, իհարկե, ե՛ւ օբյեկտիվ պատճառներ կան, ե՛ւ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ շրջապատը սկսում է ինտենսիվ փչացնել նրան` քծնել ու երկտակվել: Նա սկսում է տեսնել մարդկության բոլոր արատները, թե ինչ ստորությունների են պատրաստ մարդիկ` հանուն փողի ու պաշտոնի:
Տեսնում է, թե ինչպես են իրենց մեծարում և հնազանդվում իրենցից շատ ավելի արժանավոր` գիտելիքներ ու փորձ ունեցող մարդիկ, որոնք երբեմն նաև պատրաստ են նվաստանալ պաշտոն զբաղեցնող անձանց առաջ: Բայց մեծ դեր է խաղում նաև այն, որ անցյալում վատ ապրած, հալածված ու չարքաշ կյանքով ապրած այդ անձանց ձեռքում հզոր լծակներ են հայտնվել, փող աշխատելու անհաշիվ հնարավորություններ:
Առհասարակ` գայթակղություններին դիմանալը հեշտ բան չէ․ դրա համար մարդը պետք է լավ դաստիարակություն ստացած լինի, բարոյական արժեքներ դավանի, իր հեղինակությունը նյութական արժեքներից բարձր դասի, գոնե` աստվածավախ լինի: Իսկ փողոցից կաբինետներում հանկարծ հայտնված, փողի համն առած այս մարդկանց մեծ մասը նշածս որակները չունի:
Եվ մեր աչքի առաջ այդ մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող էին ոչ վատ քաղաքացիներ լինել` օրինավոր ու պարկեշտ, կարող էին քաղհասարակություն լինել և զսպաշապիկի դեր խաղալ իշխանության ներկայացուցիչների համար, լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին