«Ժողովուրդ». Վերաքննիչ դատարանը ևս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը մնացել է իրավապահ համակարգի կոկորդին։ Գլխավոր դատախազությունը կգնա մինչև վերջ ու կալանավորման հարցը կտանի Վճռաբեկ դատարան։
Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը ևս մերժեց դատախազության բողոքը՝ Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման մասով։
Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված և ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել էր հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը և դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչը ևս գործը կալանքի չտարավ, քանի որ հիմքեր չկային:
Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից. դատարանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, մերժել էր քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը։
Բանն այն է, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ է կանխել: Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել հանրությանը Սպիտակցի Հայկո անունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդուն. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից. «Ստեղ մի ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք ոստիկանության շենք՝ գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պիտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 մարդ մեռնի, բայց, ընկեր, երկիր պահես»:
Քննչականը պնդում է, թե այս խոսքերի հեղինակը Հրաչյա Ղևոնդյանն է, որը նպատակ է ունեցել մի խումբ անձանց հետ զավթելու իշխանությունը. թե ովքեր են այդ անձինք, իրավապահները դեռ չեն պարզել, բայց, ըստ նախաքննական մարմնի, դիտարկվել էր նաև հանրահավաքին այդ ծրագիրն իրագործելու հարցը: Ղևոնդյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբանը հայտարարել էր՝ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, իսկ իր պաշտպանյալն իշխանությունը զավթելու որևէ մտադրություն չի ունեցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ
- «Ժողովուրդ».Դատախազությունը ամեն գնով ցանկանում է կալանքի տանել Սպիտակցի Հայկոյի որդուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին