Վեդիում 71-ամյա տղամարդուն սպանել է հարևանը. ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել
Հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին, «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վեդի համայնքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարության հետևանքով ստացած կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու մարմնական վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 71-ամյա հարևանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, շենքի բակում երկու հարևաններն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում 71-ամյա տղամարդը դանակով հարվածել է 62-ամյա հարևանին՝ որովայնի շրջանում պատճառելով կտրած ծակած թափանցող երկու վերքի տեսքով մարմնական վնասվածքներ՝ սուր ներքին արյունահոսությամբ։
Բժշկական կենտրոնում տուժողը ենթարկվել է վիրահատության, որից ժամեր անց, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 71-ամյա տղամարդը ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։ Ձերբակալված անձի բնակարանի զննության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 71-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան