Հուլիսի 15-ից ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները կարող են դիմել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար
Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը հաստատվելուց հետո` հունիսի 15-ից սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առցանց եղանակով (https://housing.socservice.am/) դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն միայն ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուներն, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տուն: Դրանք են՝ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները, ինչպես նաև ցանկացած այլ կազմի ընտանիքները, որոնք կհամարվեն վարկունակ և բանկից կստանան աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
Հուլիսի 15-ից մեր հայրենակիցները հնարավորություն կունենան դիմում ներկայացնել անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար, իսկ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու համար։
Ի պատասխան հաճախ տրվող հարցի՝ որո՞նք են համարվում ցանկացած այլ կազմի ընտանիքներ, և կարող են բանկից ստանալ աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ, տեղեկացնենք, որ՝
Դիցուք, ընտանիքը բաղկացած է 4 անդամից և նրանք նախընտրում են բնակարանը ձեռք բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 մլն դրամ արժեքով բնակավայրերից որևէ մեկում։ Այս դեպքում ընտանիքին հասանելիք աջակցության չափը կկազմի 20 մլն դրամ, և եթե գործընկեր ֆինանսական կազմակերպությունն այդ ընտանիքի վարկունակության գնահատման արդյունքում կորոշի ընտանիքին տրամադրել ևս առնվազն 10 մլն դրամ վարկ իրենց կողմից մարումներն իրականացնելու նպատակով, ապա այս դեպքում ընտանիքը կարող է ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, արդյոք ընտանիքում կա 3 և ավելի անչափահաս երեխա, զոհված, կերակրողին կորցրած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, թե ոչ։
Ծրագրի առաջին փուլի շրջանակում օգոստոսի 1-ից կարող են դիմել նաև մեր այն հայրենակիցները, ովքեր 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ ունեն գործող հիփոթեքային վարկ։ Այս դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կկազմի 2 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափն է (բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում)։
2024 թ․ մայիսի 16-ից հետո հիփոթեքով բնակարան ձեռք բերած ընտանիքները չեն կարող օգտվել ծրագրից։