![](https://panorama.am/news_images/1008/3021918_1/9_thumb_v1_2.thumb.jpg)
Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ուսանողներին ուղարկել դիրքեր ՝ մասնակցելու ինժեներական աշխատանքներին
Ազգային ժողովի պաշտպանության ևանվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Այդ մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե’ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների եւ թե’ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ’ ստանալով վերջիններիս հավանությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:
Նախաձեռնությունը հունիսի 26-ին քննարկվել է ԱԺ պատգամավորների, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ու Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Մասնակիցները ողջունել են մտահղացումը: Նշվել է, որ առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ արդեն կան արձագանքներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ:
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին մասնակից լինելու երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը, ձեռք բերելու նոր հմտություններ, ծանոթանալու բանակի առօրյային: Պատգամավորի տեղեկացմամբ ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում:
Մասնակիցները մանրամասն քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)