![](https://panorama.am/news_images/1008/3021750_1/image_2024_06_26_143047700.thumb.png)
Նախագիծ. առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։
Վերջիններս պետք է ընդգրկված լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի ցանկում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 բուհի ցանկում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։
Կրթաթոշակ կարող է տրամադրվել լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող կամ դիմորդ հանդիսացող ՀՀ քաղաքացուն, եթե նրա ներկայիս կամ ապագա գործատուն իրականացնում է ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցում։ Պետությունը կրթաթոշակը տրամադրում է գործատուի փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։
Կարգում ամրագրվում է նաև, որ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո աշխատանքի անցնելու կամ շարունակելու հանձնառության պայմանագիր, որը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:
Եվ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ տվյալ հաստատությունում ուսումնառությունը կիսատ է թողնում, գործատուն ՀՀ պետական բյուջե է փոխանցում հրաժարագին՝ պետության տրամադրած ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը։
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի աշխատաշուկան նոր և մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին։
«Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 12-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7381 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)