Հրդեհ «Սևան ազգային պարկ»-ում, այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր
Հունիսի 25-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։
Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։
«Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային և բուսածածկ տարածքներում արգելվում է.
Կրակ վառել
Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ»,- նշում են նախարարությունից։