«Ոչ բռնի» լոզունգով իշխանության եկած Փաշինյանի օրոք փաստաբաններ ու քաղաքացիներ ոստիկանական բաժանմունքներում խոշտանգվեցին
«Այսօր «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր»-ն է և պետք է արձանագրել, որ ապրելով քաղաքակիրթ հասարակության մեջ, մեզ դեռ չի հաջողվել արմատախիլ անել խոշտանգման կամ անմարդկային գործողությանն ուղղված քայլերը»,-նշում է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա ընդգծում է՝ «Ժողովրդավարական», «ոչ բռնի» լոզունգներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ փաստաբաններ ու քաղաքացիներ ոստիկանական բաժանմունքներում խոշտանգվեցին ու ծեծի ենթարկվեցին: ՔՊ պատգամավորին վիրավորած Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգման ու նսեմացման դեպքեր արձանագրվեցին` ծեծի ենթարկվելով մի խումբ դիմակավորված անձանց կողմից:
«ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է զեկույց և խորը մտահոգությունն հայտնել Ադրբեջանի կողմից այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ ահաբեկչության և հարակից հանցագործությունների հետ կապված 23 անձանց շարունակական կալանքի վերաբերյալ:
Սակայն Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հրապարակավ հոխորտաց, թե «ղարաբաղցի էդ գեներալները պետք է մնան Բաքվի բանտերում»»,-նշում է պատգամավորը։