ՊԵԿ-ը կանխել է «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձը
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։ Միաժամանակ, մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդի վարքագիծը։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում, հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խորը զննման: Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան