«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում առկախվել է. ՀԵՏՔ
«Հետք»-ը գրում է.
«Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Սահմանադրական դատարանում (ՍԴ) կասեցված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ վարույթը: Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցրել է 2023թ. հուլիսի 7-ին՝ Գլխավոր դատախազությանը 21 հարց ուղղելով: Թեև պատասխանները վաղուց ստացվել են, սակայն ՍԴ-ն, որը կոչված է ապահովելու Սահմանադրության գերակայությունը, չի շտապում որոշում կայացնել և հստակություն մտցնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումների վերաբերյալ:
Հարցադրումներով պահանջվել են վիճակագրական տվյալներ և օրենքի մեկնաբանություններ՝ իրավակիրառ պրակտիկայում: Մասնավորապես՝ ՍԴ-ն, մասնավորապես, հարցրել է՝, թե արդյո՞ք Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման գործունեությունը կարգավորվում է աշխատանքային պլանավորմամբ, կամ քանի՞ ուսումնասիրություն է սկսվել առ 2023թ. հուլիսի 7-ը, քանի՞ դեպքում է ուսումնասիրության առարկա դարձել գույք, որի ծագումը կապված չէ հանցագործության հետ, ինչպիսի՞ն է ուսումնասիրությամբ ներգրավված անձանց տարիքային կազմը, ի՞նչ մեթոդաբանություն է կիրառվում անձի այնպիսի եկամուտները գնահատելիս, որոնք ենթակա չեն եղել հարկման, ուսումնասիրություն սկսելու քանի՞ որոշման դեմ է բերվել հայցադիմում կամ բողոք, քանի՞սն են բավարարվել, քանի՞սն են գտնվում քննության փուլում և այլն:
«Տեղեկացնենք նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից գործով պահանջված և ստացված մեծածավալ նյութերն ուսումնասիրման փուլում են»,-«Հետքին» հայտնում են ՍԴ հանրային կապերի և արարողակարգի բաժնից:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը Հայաստանում նոր գործընթաց է, դեռևս չկա ձևավորված դատական պրակտիկա: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը կայացվել է օրեր առաջ՝ հունիսի 21-ին: Հակակոռուպցին դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, 2 հատ «KAMAZ» մակնիշի ավտոմեքենա, ավելի քան 17 մլն դրամ և բաժնեմասեր:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2020թ. ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Այդ օրենքով նախատեսվում է, որ գույք կամ գույքի բաժինը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից, համարվում է ապօրինի գույք:
Ենթադրյալ ապօրինի գույքը բռնագանձվում է դատախազության հայցադիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի կողմից: Այդ դատարանը ևս նոր է ստեղծվել և քննում է բացառապես ապօրինի գույքին և պետական շահերին վերաբերող քաղաքացիական գործեր: Վերջինիս դատավորները, ինչպես նաև դատախազությունը, որը շահագրգիռ կողմ է, սպասում են Սահմանադրական դատարանի ոոշմանը, որպեսզի հասկանան, թե ինչպես կիրառեն օրենքը: Մինչդեռ ՍԴ-ն շարունակում է անորոշության մեջ պահել:
Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա է գործը քննվում ՍԴ-ում: ՍԴ դիմել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ համարելով, որ ապօրինիի անվան տակ գույքի բռնագանձումները հակասահմանադրական են»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան