Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրով ունենք 1330 շահառուների հայտեր. Նարեկ Մկրտչյան
«Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում փոփոխություն կատարելու նախագիծը:
Նա նշեց, որ Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ:
«850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում»,-հայտնեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար իրականացրել են ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա։
«2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում»,- ասաց նախարարը և նշեց, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը:
Նա նշեց, որ որոշմամաբ առաջարկում է սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր, Հայաստանի քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա, շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում։
«Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,-հայտնեց Նախարարը և տեղեկացրեց, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից:
Նախարարաը նաև առաջարկեց 2000 հայտը բավարարելուց հետո դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել:
Հարակից հրապարակումներ`
- Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել. Լոռու նախկին մարզպետը՝ դպրոցի կախիչների պատճառով իր պաշտոնանկության մասին
- Դատական համակարգը պետք է կախվածություն չունենա, ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այլ տեղերից. Փաշինյան
- Որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք. Նիկոլ Փաշինյան