Քաղաքագետ. Կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում
Տևական ժամանակ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը փոխանցել է Բաքվին ու առաջարկել, որ այն ստորագրվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Այսօր էլ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանից դրական արձագանք չեն ստացել։
Միրզոյանի՝ Էստոնիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսից հետո նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովն արձագանքեց՝ պայմանագրի ստորագրմանը խանգարում է Հայաստանի Սահմանադրությունը։
Panorama.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հապաղում այս գործընթացում Ադրբեջանը։
«Ադրբեջանը շատ կոնկրետ ցանկություն ունի, Սահմանադրության հարցն նա օգտագործում է պայմանագիրը չստորագրելու համար։ Խնդիրն այն է, որ Արևմուտքը՝ ԵՄՆ-ն ու ԱՄՆ-ն շտապեցնում են կքնել պայմանագիրը, քանի դեռ Ռուսաստանն ու Իրանը զբաղված են իրենց խնդիրներով։ Սա հարմար պահ է, որի մասին բարձրաձայնել են ամերիկացիները, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրվի և արևելք-արևմուտք ճանապարհը սկսի աշխատել Սյունիքով, ըստ իրենց, կարողանան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել։ Դրա համար պետք է պայմանագիրը շատ արագ կնքվի, ինչով շահագրգռված է նաև Թուրքիան, այն նույնպես շտապեցնում է։ Իսկ Ադրբեջանն այլ տեսակետ ունի, նրա հիմնական պահանջը Սյունիքի տարածաշրջանն է, որը փորձում է միացել Ադրբեջանին, որին դեմ է Իրանն ու անընդհատ հայտարարություններ է անում։ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել, ավելի ուշ՝ գուցե աշնանը, կամ ավելի ուշ հնարավորություն ստանա ռազմական միջամտությամբ Սյունիքը կցի Ադրբեջանի տարածքին։ Սա է ամբողջ խնդիրը»,-ասաց քաղաքագետը։
Փաստ է՝ պաշտոնական Երևանն էլ նման վախեր ունի։ Հունիսի 19-ին տարածած հաղորդագրությամբ Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Ադրբեջանը հնարավոր է դիմի ռազմական ագրեսիայի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
«Ադրբեջանը չի թաքցնում իր ցանկությունները։ Մյուս կողմից հայտարարություններ արվում են և Ռուսաստանի, և Իրանի կողմից։ Իրանն ասում է, որ չի հանդուրժելու տարածքային փոփոխություններ, իսկ Ռուսաստանը մտահոգված է, որ Արևմուտքն է մուտք գործում Հայաստան։ Ադրբեջանն էլ փորձում է այս տրամադրություններն օգտագործել, որպեսզի ապագայում Հայաստանի վրա հարձակվելուց ունենա աջակցություն։ Ռուսաստանի համար ցանկալի է, որ Հայաստանը վերահսկի Սյունիքը, իսկ եթե Հայաստանը չի վերահսկելու, ավելի լավ է Ադրբեջանը, քան Միացյալ Նահանգները, ինչի մասին նրանք ուղղակիորեն հայտարարում են։ Հայաստանի նման քաղաքականությունը բերում է նրան, որ հույսեր է տալիս Ադրբեջանին։ Մյուս կողմից Իրանի հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել։ Արդյունքում կարող է ստանանք ռեգիոնալ մեծ պատերազմ Հայաստանի տարածքում, հիմնական պաճառն այն է , որ Հայաստանը չի փորձում տարածաշրջանի երկրների հետ համաձայնեցնել իր քաղաքականությունը, այլ փորձում է դրսից ուժ բերել տարածաշրջան»,-ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամովը նշել է՝ որն է Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը
- Արարատ Միրզոյան. Ես չեմ տեսնում դրական արձագանք Ադրբեջանի կողմից
- Բադալյան. ԱԳՆ-ն փաստեց Հայաստանի հերթական պարտությունը
- ԱԳՆ. Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան