ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը կոչ է արել հարգել օլիմպիական զինադադարը
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսը դիմել է կազմակերպության անդամ երկրներին՝ հարգելու օլիմպիական զինադադարը:
armnoc.am-ը գրում է, որ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի համար զինադադարի պահպանման մասին բանաձևը ՄԱԿ-ը պաշտոնապես ընդունել է նոյեմբերին: Այն պետք է պահպանել խաղերի մեկնարկից յոթ օր առաջ և պարալիմպիկի ավարտից յոթ օր հետո։
«Կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին ցույց տալ իրենց հավատարմությունը օլիմպիական հրադադարին և կոնկրետ գործողություններ ձեռնարկել տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում՝ խթանելու և ամրապնդելու խաղաղության և ներդաշնակության մշակույթը: Նաև կոչ եմ անում ողջ աշխարհում զինված հակամարտությունների բոլոր կողմերին՝ վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:
Խաղերը կմիավորեն աշխարհի տարբեր երկրների մարզիկներին միջազգային խոշորագույն սպորտային իրադարձություններում՝ որպես ազգերի և ժողովուրդների միջև խաղաղության, փոխըմբռնման և բարի կամքի խթանման միջոց, նպատակներ, որոնք նաև միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր արժեքների մաս են կազմում» - ասել է Ֆրենսիսը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը ողջունել է ՄԱԿ-ի կոչը՝ ընդգծելով օլիմպիական զինադադարի մնայուն նշանակությունը։ Նա մասնավորապես ասել է. «Օլիմպիական զինադադարը ներկայացնում է խաղերի վերջնական էությունը՝ խաղաղություն, միասնություն և հույս՝ ավելի լավ աշխարհ ունենալու համար: Այս դժվարին ժամանակներում, երբ բոլորս բախվում ենք այդքան առճակատման, պառակտման և բևեռացման, օլիմպիական զինադադարն ավելի իմաստալից է դառնում: Եվ որպես իրադարձություն, որը միավորում է աշխարհը խաղաղ մրցակցության մեջ, 2024թ. Փարիզի խաղերը հզոր հիշեցում կլինեն, որ կարող ենք խաղաղությամբ համախմբվել՝ նույնիսկ պատերազմի և ճգնաժամի ժամանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան