Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ վեճի պատճառով սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է
Այս տարվա մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում հայտնաբերել էր 60-ամյա տղամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 47-ամյա հարևանն է։
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ վերջինիս և տուժողի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ 47-ամյա տղամարդու ազգականի անվամբ կառուցված ցայտաղբյուրին տուժողի շան կողմից միզելու հարցի շուրջ, որի ընթացքում 47-ամյա տղամարդը, նախահարձակ լինելով, ձեռքերով հարվածներ էր հասցրել 60-ամյա հարևանի դեմքին, որը վերածվել էր ծեծկռտուքի: Վիճաբանողները տեղափոխվել էին ավտոտնակ, և հարևանների կողմից միջամտելու արդյունքում վիճաբանությունը դադարել էր:
Սակայն 47-ամյա տղամարդը, չհանդուրժելով տեղի ունեցածը, գնացել էր իր տուն և վերցնելով որսորդական դանակը, այն թաքցնելով վերնահագուստի տակ, նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերադարձել էր տուժողի տուն, դուրս էր կանչել վերջինիս և, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական դանակով հարվածներ էր հասցրել հարևանի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծակած-կտրած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով հարևանին։
ՔՅ փոպանցմամբ, պարզվել է, որ դեպքի պահին 47-ամյա տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: