Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սկզբունքային է: Այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում»,- ՀՀ-ում Իրանի դեսպանությանը լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Իրանում ընտրությունների արդյունքը Հայաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն կարող է բերել։
Հիշեցնենք, որ այսօր Իրանում նախագահական արտահերթ ընտրություններ են, որոնք նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։
Դեսպանը նշեց, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ հնչեցրվել է Իրանի հեղափոխության առաջնորդի կողմից, այդ քաղաքականություն նաև ընդգծվել է վերջերս վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում։
«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք դրան: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը:
Այդ սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, թե Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել:
Մեզ համար Հայաստանը շատ կարևոր երկիր է, մեր լավ ու ազնիվ հարևան է: Երկու երկրների անվտանգությունն ու շահերը շաղկապված են միմյանց: Այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխությամբ»,- ասաց դեսպանը:
Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագերսիայի դեպքում, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, Իրանն ինչպիսի՞ գործողությունների կարող է դիմել, դեսպանը պատասխանեց. «Նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է Հայաստանի կառավարությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ։
Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել Հայաստանի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության և ընկալումների վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
- Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Ալի Բաղերին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցի» մասին
- ԻՀՊ կորպուսի տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն է տարածվել, թե Իրանը սկսել է զենք մատակարարել Հայաստանին. Վարդան Ոսկանյան