Իսրայելը հայտարարել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպքերի աճի մասին
Իսրայելի առողջապահության նախարարությունն ահազանգում է՝ երկրում աճում են Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերը։ Հիվանդությունը տարածվում է մոծակների միջոցով, մինչ այժմ 81 մարդու մոտ ախտորոշվել է հիվանդությունը, նրանցից 7-ը մահացել են վերջին շաբաթվա ընթացքում։
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ հիվանդներից վեցին միացված են շնչառական ապարատներ։ Հիվանդներից 64-ը հոսպիտալավված են։ Վարակվածների մեծ մասն ապրում են երկրի կենտրոնական հատվածում։
Առողջապահության նախարարությունից նշել են, որ հիվանդությունը մարդուց մարդ չի փոխանցվում։
Արևմտյան Նեղոսի տենդը մոծակների միջոցով փոխանցվող սուր տրամսմիսիոն ինֆեկցիոն վիրուսային հիվանդություն է։ Հիվանդության նշաններն են պոլինեյրոպաթիան, մաշկի ցանը, գլխուղեղի թաղանթների բորբոքումը, երբեմն՝ մենինգոէնցեֆալիտը։
Վիրուսի փոխանցողներն են մոծակները, իքսոդային տզերը, իսկ վարակի բնական պահեստարան են համարվում թռչուններն ու կրծողները։ Արևմտյան Նեղոսի տենդն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, երբ մոծակների զարգացման և տարածման համար պայմանները բարենպաստ են։