Մրգի վաճառքի կետում Երևանի քաղաքապետարանի գործողություններում ես կոռուպցիոն տարր եմ տեսնում. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանների ուղեկցությամբ ստուգայց էին անցկացրել Ավանում և բացօթյա առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիների են տուգանել, կազմել արձանագրություններ: Քաղաքապետարանի տարածած տեսանյութից երևում է, թե ինչպես է քաղաքացին գետին թափում վաճառքի համար նախատեսված իր ձմերուկները և սեխերը, որպեսզի քաղաքապետարանի աշխատակիցները չառգրավեն այն։ Ոստիկանությունը և քաղաքապետարանի աշխատակիցներն ուժ են կիրառում առևտրով զբաղվող քաղաքացիների դեմ՝ թույլ չտալով այն անել։
Երևույթը մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։
«Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում ես տեսնում եմ կոռուպցիոն տարր։ Քաղաքապետարանի աշխատակիցը երբ մոտենում է առևտուր անող քաղաքացուն և ասում է, որ առևտուր անել չի կարելի, թե առգրավելու է ապարնքը՝ վաճառողը շատ պարկեշտ ձևով և հանգիստ տոնով ասում է, որ խնդիր չկա, ինքը կհավաքի իր ապրանքը, բայց նրան թույլ չտվեցին՝ հայտարարելով թե դրանք առգրավում են։
Նույն տեսանյութում մենք տեսանք, որ գյուղմթերք վաճառողը իր ձմերուկը և սեխը շուռ տվեց գետնին, որպեսզի վնասվի և այն չկարողանան առգրավել։ Այդ պահին շատ անհասկանալի վարքագիծ ցուցաբերվեց Երևանի քաղաքապետարնի աշխատակիցների կողմից, սակայն այն ինձ համար շատ լավ հասկանալի է։ Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ վաճառողին հրեցին հեռացրին իր գյուղմթերքի կողքից՝ ասելով. «Մի արա, մի արա»։
Այստեղից էլ հարց է առաջանում, թե ինչո՞ւ չանի։ Եթե իրենք գույքն առգրավում են և այն իրենն է՝ անկախ նրանից, թե վաճառքն ապօրինի է, թե ոչ, ինչու են արգելում այդ գույքը վնասել։ Եթե խնդիրն առգրավելն է, ապա վնասված մթերքը կարող էին առգրավել։
Փաստորեն այդտեղ շատ անսովոր դրսևորում եղավ՝ քաղաքացուն արգելելով գույքը վնասել։ Բայց եկեք համաձայնենք, որ ոչ մեկս էլ չգիտի, թե գույքն առգրավելուց հետո ինչ է արվում դրա հետ։ Ինչ-որ կարիքավորների՞ են տալիս, օրինակ Արցախից բռնագաղթած, թե՞ աճուրդով են վաճառում, մենք ոչինչ չգիտենք։ Բայց իմ մոտ խիստ կասկած կա, որ այն Երևանի քաղաքապետարանի հերթական ստվերային գործողությունն է, կոռուպցիոն դրսևորումը և ըստ իս՝ այդ մթերքը հետագայում իրենք վաճառում են։
Եթե նայենք տարածված տեսանյութը, ապա կտեսնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները գնում են գույք առգրավելու խոշոր առևտրի կետում, ինչ-որ մի տարեց կին չէ, որը կանգնած մի արկղով կանաչի կամ այլ բան է վաճառում, այլ տեսնում ենք, որ այդտեղ մեծ քանակությամբ գյուղմթերք կա և դա են առգրավում։
Հարց եմ հնչեցնում. Ինչո՞ւ երբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Մաշտոցի պողոտայում էին փոքր դեպք հայտնաբերում, կամ Նոր Նորք վարչական շրջանի այգու մոտ են մարդիկ մեկ-երկու տոպրակ խնձոր բերում վաճառում, նրանց գույքը չեն առգրավում։ Հաճախ գնում են, ցուցադրաբար առգրավում են, բայց վաճառողներն ասում են, թե ինչ-ինչ գործողություններից հետո իրենց վերադարձնում են մթերքը։
Նույն դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում, երբ տարեց կանայք միրգ էին վաճառում և իրենք իրենց ունեցածը թափեցին գետնին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չառգրավեցին, թողեցին գնացին։ Հետո կանայք հավաքեցին իրենց ունեցածը։
Այսինքը՝ ինչպե՞ս է, որ մեկ-երկու արկղով վաճառողներից չեն առգրավում, այլ գնում են խոշոր առևտրային կետից են առգրավում և երբ վաճառողը գիտակցում է, որ այն ինչ-որ մեկի համար գումար է դառնալու, չի ցանկանում, որ այդ կոռուպցիոն մեխանիզմը վերջնակետին հասնի, փորձում է փչացնել մթերքը՝ քաղաքապետարանի աշխատակիցները նրան խոչընդոտում են։ Ինձ համար սա փաստում է, որ այդտեղ կա կոռուպցիոն երևույթ։
Ես ինքս չեմ ողջունում բացօթյա առևտուրը, ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համաձայն, բայց Երևանի քաղաքապետարանի գործողությունների մեջ ես տեսնում եմ կոռուպցիոն տարր, քանի որ իրենց հրապարակած տեսանյութն ինձ համար անհասկանալի գործողություններ էին արվում»,-ասաց Արթուր Չախոյանը։