Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոտինան ապշած է հայ պատանի երաժիշտների աշխատասիրությամբ
Նախօրեին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած գալա-համերգով եզրափակվել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի Կամերային երաժշտության ամառային դպրոցը։
Կամերային երաժշտության ամառային դպրոցը կազմակերպել էր Primavera Foundation of Armenia հիմնադրամը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ, որն անցավ հունիսի 21-27-ը: Դասընթացները մասնակիցների համար անվճար էին, իսկ համերգի մուտքը՝ ազատ:
Հիմնադրամից հայտնում են, որամառային դպրոցի ընթացքում պրոֆեսոր Կրասոտինան անհատական պարապմունքներ է վարել կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել էին մասնակցության համար: Դպրոցին մասնակցում էին ինչպես Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներ, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ:
Գալա-համերգին երիտասարդ երաժիշտները կատարել են Հայդնի, Բեթհովենի, Գլիերի, Գրիգի, Պուլենկի, Դեֆալյաի և այլ եվրոպական դասականների ստեղծագործություններ: Հնչել է նաև Ամառային դպրոցի մասնակից, պատանի ջութակահարուհի և կոմպոզիտոր Վիկտորիա Ուլիխանյանի «Արևի մեխանիկա» տրիոն, իսկ համերգի հատուկ հյուր, միջազգային ճանաչում ունեցող «Ավետիս» լարային քառյակը ներկայացրել է Արման Ղուշչյանի «Հավերժությունը կազմված է ներկայից» ստեղծագործության նոր խմբագրության համաշխարհային պրեմիերան (ստեղծագործությունը գրվել է 2023թ.-ին, որի սկզբնական տարբերակը հնչել է Լյուցեռնի փառատոնին՝ ամերիկյան Isidore String Quartet-ի կատարմամբ):
Պրոֆեսոր Կրասոտինան նշում է, որ ինքը պատանի երաժիշտների հետ ամեն օր ինտենսիվ պարապմունքներ է անցկացրել և ապշած է նրանց աշխատասիրության, առաջընթացի և զգայուն ընկալունակության վրա:
«Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով», - ասում է տիկին Կրասոտինան:
Նրա խոսքով, իր համար բացահայտում էր այն, որ պատանի երաժիշտներից ոմանք նաև ստեղծագործում են:
«Կամերային անսանբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և ըմբռնում, սոցիալական կապեր ստեղծել, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չունեցող երաժիշտներին, մնալ բեմի վրա և շարունակել հաջող երաժշտական գործունեությունը: Մենք ծրագրում ենք Կամերային անսամբլի ամառային դպրոցը դարձնել ամենամյա և տարեց տարի ընդլայնել այն»,- ասում է պրոֆեսորը :
Պատանի երաժիշտները մեծ ոգևորությամբ են հաճախել դպրոց և շնորհակալ են այն մասնագիտական հմտությունների և գաղտնիքների համար, որոնք նրանց է փոխանցել պրոֆեսոր Կրասոտինան:
Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլային ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավար: Սա տիկին Կրասոտինայի երկրորդ այցելությունն է Հայաստան. նա 2023թ.-ի սեպտեմբերին Երևանում անցկացրել է կամերային անսամբլի վարպետության դասեր: