Չալաբյան. Մեր տեսանկյունից հունիսի 12-ին տեղի է ունեցել ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեցին հունիսի 12-ին ոստիկանության կատարած հանցագործությունների վերաբերյալ:
«Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես ոստիկանության կողմից թույլ տրած օրենքի բազմաթիվ խախտումներին»,- լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ այդ դեպքերից արդեն 2 շաբաթ է անցել, արդեն քրեական գործեր են հարուցված, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել։
«Մեր կողմից հանցանքի մասին ևս մեկ հաղորդում տալու հիմնական նպատակն այն է, որ մեր տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։
Բոլոր այն փաստերը, որոնք մենք հավաքել ենք, մասնավորապես ոստիկանության գործողությունների, վկայում են դրա մասին»,- ասաց Ա.Չալաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան