Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը
«Իհարկե, չի կարելի աշակերտին վերջին տեղում թողնել դպրոցում։ Աշակերտը պետք է առաջին կետում լինի, բայց առաջին կետում չի կարող լինել միայն աշակերտը։ Աշակերտ-ուսուցիչ փոխադարձ համագործակցությունը պետք է անպայման լինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ուսուցիչների միության նախագահ Շողեր Բաբայանը՝ արձագանքելով կառավարության նիստում երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։
Գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը երեկ մասնավորապես հայտարարել է. «Դպրոցը բուլկի թխողի, ջեմ արտադրողի, հաց արտադրողի, էլեկտրիկի, սանտեխնիկի համար չէ, նույնիսկ՝ ուսուցչի , ընտրատեղամասի, տնօրենի համար չէ, այլ երեխայի համար է, բայց մեր իրականության մեջ մենք հակառակն ենք տեսնում, այդ շարքի մեջ երեխաները վերջին տեղում են, և երեխաներին մատուցվող ծառայությունների մասին՝ եթե ոչ դե յուրե, կենացների մակարդակով, այլ իրականության մեջ հաճախ մոռանում ենք, որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում»։
Շողեր Բաբայանն ընդգծեց՝ ուսուցիչն էլ աշակերտի նման պետք է ցանկություն ունենա դպրոց գնալ, իրեն էլ դա պետք է հաճելի լինի, երջանկություն պարգևի, ոչ թե հազար հոգս ու պրոբլեմ վերցրած, գնա ու պայքարների մեջ լինի, դա ուսուցչին կոտրում է։
«Իհարկե, կարող եք այս խոսքերին ամեն անկյունից էլ նայել, անունը դնել աշակերտակենտրոն, կամ անարժան ուսուցիչներից ազատվելու նախագիծ, միևնույնն է դրանով առանցքային հարցի լուծումը չի տրվի։ Չի տրվի, քանի որ դպրոցը պիտի և աշակերտինը լինի, և` ուսուցչինը։ Թե աշակերտը, և թե ուսուցիչը իրենց պիտի ապահով զգան դպրոցում, ուրախությամբ գնան դպրոց, դպրոցում սովորելիս կամ սովորեցնելիս երջանիկ լինեն։ Դպրոցը պիտի աշակերտի կրթվելու իրավունքը պաշտպանի, ուսուցչի` արժանապատիվ վաստակելու իրավունքը պաշտպանի։ Դպրոցը այս երկու կարևոր առանցքներից միայն մեկինը լինելու դեպքում հավասարակշռությունը կխախտի, որի արդյունքում կշարունակենք ունենալ այն, ինչ ունենք հիմա։ Ինչպես աշալերտի մասին ենք մտածում, պարտավոր ենք նույնչափ էլ ուսուցչի մասին մտածել, քանի որ նրանց փոխադարձ համագործակցության արդյունքում է ծնվելու կրթված հասարակությունը»,-նշեց Բաբայանը։
Միության նախագահը, որը նաև գործող ուսուցիչ է, համոզված է, որ աշակերտի՝ սիրով դպրոց գնալը միայն ուսուցչից չի կախված, այն պայմանավորված է միջավայրով, դասարանների հագեցվածությամբ, դպրոցի բարվոք վիճակով, դասագրքերով, ծրագրերով և այլնով։
«Հաճախ անհեթեթ ու բարդ ծրագրերն աշակերտներին հեռու են վանում կրթությունից, նրանք սկսում են հիասթափվել, ինչքան էլ սիրեն ուսուցչին։ Փորձում են առերես ինչ-որ բաներ, ծրագրեր կազմակերպել, բայց դրանք լիարժեք չեն աշխատում, արդյունք չկա։ Նախագծեր են կազմակերպում դպրոցներում, բայց դրանց համար ուսուցիչներին վճարում են չնչին աշխատավարձ, նույնիսկ դասաժամից էլ քիչ։ Ամբողջ աշխարհում նախագծերը բարձր վարձատրվող են, իսկ Հայաստանի դպրոցներում, կարելի է ասել, կոպեկներ են, ստացած գումարն էլ ուսուցիչը ծախսում է ինչ-որ բաներ գնելու, տպելու համար, որ նախագիծն առաջ տանի։ Իսկ դա խեղճացնում է ուսուցչին, փորձում է գտնել այլ աշխատանք՝ գումար աշխատելու, ապրելու համար։ Պետությունը պետք է հոգա այդ հոգսերը, ուսուցչին ասի, դու գիտելիքը փոխանցի, որն այնքան թանկ գործընթաց է, մինչդեռ ասում է՝ այդ պրոցեսը շատ էժան է»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան