Սոցալիզացիայի անվան տակ՝ հատուկ կարիք ունեցող երեխաների հաշվին
Ինչու նույն ֆուտբոլային թիմում չեն խաղում հաշմանդամություն ունեցողներն ու չունեցողները։ Ինչ վատ սոցիալիզացիա կլիներ։ Որովհետև... ի՞նչ, մտածում եք պատասխանն ակնհա՞յտ է։
Այդ դեպքում ինչու համատարած փակվեցին հատուկ դպրոցները, մտցվեց ներառական կրթություն կոչվածը, հատուկ կարիք ունեցող ու չունեցող երեխաներին դրեցին նույն դասարանում՝ մի միջին, որևէ մեկի համար ոչ լիարժեք կրթական որակ ստեղծելով, որը չի բավարարում ոչ նրանց, ոչ նրանց։ Հանուն սոցիալիզայի՞։
Տեսեք՝ տարիներ առաջ կազմակերպվեց աուտիզմ ունեցող երեխաների դաշնամուրային համերգ։ Ահա ձեզ սոցիալիզացիայի տեղ։ Նկարչական խմբակներ՝ ևս։ Երգ՝ հնարավոր է։ Խաղեր՝ հնարավոր է։ Ակումբ-զրուցարաններ՝ կարելի է։ Թատրոն, պանտամիմայի թատրոն, տիկնիկային թատրոն՝ կարելի է արդեն ձայնագրված խոսքով, եթե դրա կարիքը։ Շատ բան կարելի է անել իրոք սոցիալիզացիայի համար։
Այնպես պիտի տանել սոցիալիզացիան, որ երեխա-մարդը իրեն թերի չհամարի, որ երեխա-մարդը իր հնարավորությունները ցուցադրի, ոչ թե դրանք խլված համարի։ Ու դա ճիշտ է բոլոր երեխաների համար։
Ու ես սա ասում եմ ոչ միայն հիմայի համար։ Հիմա, երբ ոչ մտածված դասագրքեր կան, ոչ մեթոդական ուղեցույցներ, ոչ անգամ՝ հանրակրթությունը բոլոր քաղաք-գյուղերում ապահովող մասնագետներ, արհետսականորեն մտցվեց «ներառական կրթություն», որը ճիշտ վարելու հույս անգամ չկա։
Մասնագետներն իրենք են խոստովանում՝ չկա անգամ մշակված չափորոշիչ, թե ինչպես պիտի գնահատվի երեխան, երբ նրան նստեցնում են ոչ իրեն հարմար, ոչ իր կարողություններին հարմարեցված միջավայրում, ուր բոլորը մի բան են անում, իսկ իրեն ծափահարում են երեք գույնով քարտեզի մի մաս ներկելու համար ասենք։
Սա սոցիալիզացիա՞ է։ Ինչ են մտածում երեխաները՝ և նա, ով տեսնում է, որ մյուսները ուրիշ բաներ են անում, և մյուսները, երբ տեսնում են, որ այս մի երեխան ինչ էլ արեց, ուսուցիչն ասում է՝ եկեք գովենք, եկեք ծափահարենք՝ ապրես։ Այսպիսի կրթությունը տալի՞ս է իրավմամբ իրար գնահատելու հայացք։
Սա եղավ հատուկ կարիքներ ունեցող երեխայի համար ճիշտ ուսուցման կազմակերպու՞մ։
Ենթադրենք ծնողը մանկավարժ չէ ու իր երեխայի մեկուսացման վախից համաձայն է ներառական կրթության, նրան բացատրվու՞մ է, որ իր համար ավելի հարմար պայմաններում երեխան «կբացվեր»։
Եթե անգամ բացատրում են, այդ «բացվելները» ծնողի վրա գումարներ է, որ նստում են՝ հոգեբան, հատուկ մասնագետների մոտ, հատուկ պարապունքներ...։ Չկան հատուկ դպրոցներ, որոնց բժշկական, մանկավարժական, հատուկ մասնագետների առկայություն կապահովեին։ Անվճար։
Այսինքն՝ պետությունը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական, զարգացման կարիքները անտեսում է, դրանք դնելով հանրակրթական հոսքագծի վրա՝ ինչպես գնաց՝ գնաց։
Ամբողջ բեռը մնում է ծնողների վրա՝ թե հատուկ պարապմունքների գումարների, թե երեխայի զարգացման ուղղությունները գուշակելու։ Եթե իհարկե, ի վիճակի է ուսուցչից էլ ցածր մանկավարժական գիտելիքներով, կամ պարզապես՝ նյութապես։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան