8 օր վիրավոր թևով, առանց բուժօգնության․ դիպուկահարի կրակոցից արցախցի տատն ու 7-ամյա թոռը վիրավորվել են
factor.am-ը գրում է. «Ռիմա Մովսիսյանը ընտանիքի հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։ 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ, չդադարող ռմբակոծումից փրկվելու համար, տասնյակ համագյուղացիների հետ՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայով որոշում են տեղափոխվել մոտակա ռուսական բազա, որտեղ տեղակայված էին խաղաղապահները։ Ճանապարհին դիպուկահարները կրակում են մեքենայի վրա և 67-ամյա Ռիման ու նրա 7-ամյա թոռը վիրավորվում են։
Ռիման ձեռքով պաշտպանում է թոռանը՝ փրկելով ավելի լուրջ վնասվածք ստանալուց։ Մի քանի օր տարեց կինն անցկացնում է ցավերի մեջ, առանց պատշաճ բուժօգնության՝ ռուսական բազայում։
Դժվարությամբ Երևան տեղափոխվելուց հետո ենթարկվում է բարդ վիրահատության, որը տևում է մի քանի ժամ։ Նրա թևը «հավաքում են» մետաղական կոնստրուկցիաներով։ Որոշ ժամանակ ստիպված է լինում ապրել անշարժ թևով։ Հիմա տիկին Ռիման երանությամբ է հիշում, թե ինչ ակտիվ կյանքով էր ապրում Արցախում, իսկ ներկայիս անկարող վիճակից վատ է զգում իրեն։ Նա հույսեր է փայփայում, որ մի օր վերադառնալու է Արցախ»։
Մանրամասն՝ factor.am-ի տեսանյութում։