Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն. Արթուր Դավթյան
Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում:
ԿԳՄՍ նախարարությանը տված հարցազրույցում Ա. Դավթյանն ասել է. «Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան»։
Նա նշել է, որ այս անգամ ցանկանում էչեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ է նվաճել. «Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին