Պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը. Սուրեն Պետրոսյան
Երբ Գառնիկ Դանիելյանն ինձ ասում է՝ Նիկոլի օրակարգով եմ եկել, ինքը չպետք է մոռանա, որ հենց այսօրվա պառլամենտական ընդդիմության ու Դաշնակցության շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը ու մարսեց դա, հետո հայաթափեց ու մարսեց, հնարավոր բոլոր զիջումներն արեց ու անում է, և էլի մարսում է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը՝ արձագանքելով «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, որ Սուրեն Պետրոսյանը եկել է Նիկոլի Փաշինյանի օրակարգով.
«Ասեմ ավելին՝ քանի իրենք կան, եթե Սյունիքն էլ հանձնի, էլի մարսելու է։ Հետևաբար իրենք Նիկոլ Փաշինյանի երազանքի ընդդիմությունն են, ովքեր նվազագույն պատկերացումներ ունեն քաղաքական գործընթացներից ու քաղաքակրթությունից, գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի համար մեկ հենարանը պառլամենտական ընդդիմությունն է։ Երբ ինչ-որ մեկին մեղադրում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկելու մեջ, չպետք է մոռանան, թե ովքեր էին քվեարկում, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության ու ովքեր էին մրցավազքի մեջ, թե ով ավելի շուտ միացավ Փաշինյանին։ Հետևաբար, եթե կա մեկը, որը Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկում՝ կամա, թե ակամա, դա միայն իրենք են։
Ես հենց սրա մասին էի խոսում, որ պետք է այս ձևաչափից դուրս գանք, այս կործանարար օրակարգից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա վերարտադրվել, բայց քանի իրենք կան, բոլորն էլ դա գիտեն, ժողովուրդը միշտ էլ Նիկոլ Փաշինյանի ու իրենց միջև Փաշինյանին են ընտրելու։
Կամ որ ասում են Ոսկեպարում իրենք են խնդրել, որ ինձ էնտեղ դիմավորեն, ես մի բան հիշեցնեմ, երբ ապրիլի 13-ին պետք է լիներ հանրահավաք Ոսկեպարում, այնտեղի բնակիչներն ասում էին՝ Բագրատ Սրբազանի հետ խնդիր չկա, բայց մենք դուրս ենք գալու ու 200 հոգով փակենք ճանապարհը, եթե իմանանք, որ սա դառնալու է Դաշնակցական հավաք։ Այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ ազդեցություն ունեին մյուս մարդկանց կարծիքների վրա, ես նրանց հետ խոսել, բացատրել եմ, որ երաշխավորում եմ՝ կարող են բոլորն էլ գալ, բայց հարթակում նախկինների ներկայացուցիչներ չեն լինելու։
Այնպես որ, երբ նման հայտարարություններ են անում, թող մի քանի անգամ մտածեն»,-ասաց Սուրեն Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սուրեն Պետրոսյանը հիմա հանդիսանո՞ւմ է շարժման առաջնորդներից մեկը
- ՈՒՂԻՂ․ Ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, ինձ համար դա բարոյական չէ․ Բագրատ Սրբազանը՝ Սուրեն Պետրոսյանի հայտարարությունների մասին
- Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին». Սուրեն Պետրոսյան
- Կատեգորիկ չեմ կարող լինել այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ մի ձևով խորհրդարանական ընդդիմության վերարտադրման շանս լինի. Սուրեն Պետրոսյան