Ուժեղացված ծառայություն՝ Սևանա լճում և առափնյա հատվածում
Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու փրկարարներին՝ Վահե Ղազարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պատահարների, հանցագործությունների, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու, դրանք կանխելու միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։
Նա հորդորել է ջրային պարեկ-փրկարար համագործակցված ու հետևողական ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ իրավախախտների նկատմամբ լինել անհանդուրժող:
Վահե Ղազարյանը տեղում ծանոթացել է ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:
Ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու նաև Սևանա լճի հարակից ճանապարհներին՝ ուշադրության կենտրոնում պահելով իրավախախտում կատարած վարորդներին, իսկ ոչ սթափ վարորդների նկատմամբ կկիրառվի խիստ պատժամիջոց:
Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնել նախընտրող մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ, պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը»,- ասվում է հաղորդագրությունում։