Կլիմայի փոփոխությունը խախտում է մարդու իրավունքները
Կլիմայի փոփոխության արագացող տեմպերը խախտում են մարդու իրավունքները բոլոր ճակատներում, ներառյալ դրանցից ամենահիմնականը՝ կյանքի իրավունքը: Այս մասին ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն բարձր մակարդակի նախագահական քննարկման ժամանակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, 2021 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց ուղենիշային բանաձև, որը վերահաստատեց, որ առողջ շրջակա միջավայրը մարդու իրավունքներից մեկն է։ Սա շրջադարձային պահ դարձավ երեք մոլորակային ճգնաժամերի՝ կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, շրջակա միջավայրի աղտոտվածության և թափոնների, դեմ պայքարում:
Կլիմայական ճգնաժամը մարդկության առջև ծառացած որոշիչ մարտահրավերն է: Այն սերտորեն փոխկապակցված է անհավասարության ճգնաժամի հետ։ Այն ունի համալիր ազդեցություն պարենի անվտանգության, բնակչության տեղահանման և միգրացիայի, առողջապահության, էներգետիկայի և ջրամատակարարման վրա: Սա առանձին-առանձին ազդում է կայուն զարգացման նպատակներից յուրաքանչյուրի վրա:
Ծովի մակարդակի բարձրացումը սպառնում է փոքր կղզային զարգացող պետությունների գոյությանը: Ջերմային ալիքները, հեղեղումները, երաշտները, անտառային հրդեհները և արագորեն ուժեղացող արևադարձային ցիկլոնները խաթարում են մարդու բազմաթիվ իրավունքները, ինչի մասին վկայում են վերջին և շարունակվող էքստրեմալ իրադարձությունները:
Եղանակի և կլիմայի փոփոխության հետևանքները հանգեցնում են նոր, երկարաժամկետ և երկրորդական տեղաշարժերի: Դրանք մեծացնում են հակամարտություններից և բռնություններից արդեն իսկ տուժած մարդկանց խոցելիությունը:
ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ 2023 թվականի վերջին 4 տեղահանվածներից գրեթե 3-ն ապրում է կլիմայի փոփոխության բարձր կամ ծայրահեղ ռիսկի ենթարկված երկրներում։
Խորանում և վատթարանում է պարենային անվտանգության իրավիճակը։ Համաձայն ՄԱԿ-ի ՊՀԾ-ի տվյալների՝ ամբողջ աշխարհում սուր պարենային անապահովություն ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ մինչև COVID-19 համաճարակը 149 միլիոն մարդուց՝ մինչև 333 միլիոն մարդ 2023 թվականին: 2022 թվականին մոլորակի բնակչության 9.2%-ը կամ 735.1 միլիոն մարդ տառապում էր թերսնումից։
Երկարատև հակամարտությունները, տնտեսական անկումները և պարենային ապրանքների բարձր գները աշխարհում պարենային անվտանգության բարձր մակարդակի պատճառն են։ Սա սրվում է նաև բնական երևույթների պատճառով, ինչպիսիք են Էլ Նինյոն և Լա Նինիան, ինչպես նաև կլիմայի երկարատև փոփոխությունները՝ եղանակային էքստրեմալ պայմանների հետևանքները:
Կլիմայի փոփոխությունը խաթարում է մարդկանց առողջությունը և դանդաղեցնում հանրային առողջության առաջընթացը: Սա այն ապագան չէ, որը մենք ցանկանում ենք մեր երեխաների համար։ Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու և բարգավաճելու կայուն և առողջ մոլորակի վրա: Այնուամենայնիվ, հույս կա։ Անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին կարող է բարելավել հիմնարար սոցիալ-տնտեսական իրավունքի` զարգացման իրավունքի համապատասխանությունը:
Վերականգնվող էներգիան հասանելի է գրեթե ամենուր՝ դարձնելով էներգիայի հասանելիությունն ավելի արդար և թույլ տալով երկրներին զարգացնել իրենց տնտեսությունները: Ներկայում Աֆրիկայի բնակչության կեսից ավելին էլեկտրաէներգիայի հասանելիություն չունի, սակայն Աֆրիկա մայրցամաքն ունի արևային էներգիայի արտադրության աշխարհի ամենամեծ պոտենցիալներից մեկը: Նման կարողությունները առանցքային են աղքատությունը նվազեցնելու և սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան