Սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո․ Միրզոյան
Վրաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է․
«Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։
Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է մեր ինտենսիվ հարաբերությունների համար և ինչ-որ առումով, իհարկե, առանձնահատուկ։ Մենք պահպանել ենք ամենաակտիվ բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսությունը։ Երկու երկրների առաջնորդների համանախագահությամբ այս տարեսկզբին Թբիլիսիում կայացավ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովների 13-րդ նիստը, իսկ մարտին Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ակտիվ են եղել նաև միջխորհրդարանական կապերը, շփումները, որոնք ևս շատ մեծ նշանակություն ունեն հարաբերությունների զարգացման համար։
Բայց նաև տարին առանձնահատուկ է և անձամբ ինձ համար. սա իմ առաջին այցն է Թբիլիսի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո։ Պետք է նկատեմ, որ այս գործընկերության հաստատումից հետո մեր հարաբերությունների բովանդակությունը սկսել է լցվել նոր տարրերով, նոր ուղղություններով, նոր բաղադրիչներով, ինչը, իհարկե, շատ ուրախալի է։
Հիրավի սրընթաց զարգացում են ապրում մեր հարաբերությունները, ունենք հարուստ օրակարգ։ Բարձր մակարդակի երկխոսությունից բացի, որի մասին խոսեցի, նաև Հայաստանն ու Վրաստանն արդյունավետ համագործակցություն են ծավալում բոլոր բնագավառներում՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն և մարդկանց մինչև կապեր, շփումներ: Կա նշանակալի առաջընթաց փոխադարձ առևտրում, իսկ մաքսային ոլորտում մեր համագործակցության ընդլայնման միջոցով մենք, իհարկե, կարող ենք հասնել շատ ավելի մեծ, զգալի արդյունքների և նպաստել թե՛ գործարար, թե՛ մարդկանց միջև շփումների ավելի ջերմացմանը:
Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ կարևոր ենք համարում, որ մեր երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
Ուզում եմ նաև առանձնահատուկ շեշտել, որ այս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, երբեմն շատ սրընթաց զարգացումների համատեքստում կարևոր եմ համարում նաև մեր փոխգործակցությունը, միմյանց աջակցելը նաև միջազգային հարթակներում, բազմակողմ հարթակներում, որտեղ մենք կարող ենք արդեն ասել և Դուք էլ, հարգելի՛ պարոն նախարար, խոսեցիք այդ մասին, մեր ելույթներով, քվեարկություններով, շարունակում ենք պաշտպանել միմյանց դիրքորոշումները։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք հնարավորություն ենք ունեցել անդրադառնալ նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այն զարգացումներին, որոնց առնչվում են Հայաստանն ու Վրաստանը և որոնք ազդում են նաև մեր երկրների վրա:
Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել և դուք վստահաբար տեղյակ եք այդ մասին, ինքներդ հետևել եք, թե ինչ ոգևորությամբ Հայաստանում ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրը, և սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում, այլև ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանը ևս ԵՄ հետ ունի բովանդակային, ըստ էության, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ և մենք բացահայտում ենք միասին ԵՄ հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ առնվազն Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին, թույլ տվեք այսպես ձևակերպել, բացահայտում ենք, սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ»։