Արմավիր ՔԿՀ-ում մահվան երկու դեպքի առթիվ էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ
Արմավիր քրեակատարողական հիմնարկից երկու անձինք ինքնազգացողության կտրուկ վատանալու հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են։
«Երկու դեպքով էլ առանձին քրեական վարույթներ են նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սպանության հոդվածն է, սակայն հանկարծամահության հետ կապված այս հոդվածով է վարույթ նախաձեռնվում։ Ըստ հաղորդման ստացված տվյալների, գործ ունենք հանկարծամահության հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ մահվան բուն պատճառները կպարզվեն քննության արդյունքում, նշանակված են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ Արտաքին զննությամբ մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Shamshyan.com-ը գրել էր, մահացածներից մեկը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 57-ամյա Հովհաննես Կ․-ն է։ Հունիսի 30-ին ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի բանտում ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչից հետո նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Մյուսը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Գագիկ Հ․-ն է, ում ինքնազգացողությունը հունիսի 30-ին ժամը 22։10-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան