Այս բոլորը եղած չլիներ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«2020-ի պատերազմը եղած չլիներ, 5 հազարից ավելի ջահել-ջիվան կորուստները տված չլինեինք, նոյեմբերի 9-ի ստորացուցիչ փաստաթուղթը ստորագրված չլիներ, 2021-22-23-ի հարձակումները, ադրբեջանցիների առաջխաղացումները, լկտիանալը, Արցախի հայաթափումը, Արցախի 8 գործիչներին Բաքվի բանտ ուղարկելը, Տավուշից հող հանձնելը... այս բոլորը եղած չլիներ:
Ջհանդամը, թե ՔՊ-ականները չէին հղփանա, ՍԴ-ն ու դատարանները Նիկոլը չէր գրավի, ընդդիմությանը չէին ծեծի ու բանտերը լցնի, ամեն օր մի անհեթեթ ելույթ ու սխալ օրենք չէին ընդունի, Արագածն Արարատին չէին հակադրի...
Այդ բոլորի հետ կհաշտվեինք, կհամարեինք` «մեզ հասնում ա»: Եթե չենք կարողանում նորմալ իշխանություն ձևավորել, նորմալ ղեկավարներ աճեցնել: Կհամարեինք, որ դա մեր հազարամյա հալածանքների ու պետականություն չունենալու, անգրագիտության, աշխարհից մեկուսացվածության, կրթական համակարգի ու ծախվող էլիտայի մեղքով է, կհաշտվեինք այդ իրողությունների հետ: Ամեն օր մի պուճուր բան կգտնեինք` ուրախանալու:
Կասեինք` ոչինչ, որ Տիգրան Ավինյանը «զոռով-շառով» է քաղաքապետ դարձել, տեսեք` Աջափնյակում գարաժներ է քանդում, խաղահրապարակ սարքում, գովազդային անճոռնի վահանակներն են հանում, վերջապես Մաշտոցի պողոտայի գետնուղին նորոգեցին...լավ է:
Կծիծաղեինք Նիկոլի հեծանիվ քշելու վրա, թեթև կտանեինք Բագրատ սրբազանի պարտությունը, հումոր կանեինք ընդդիմության սխալների վրա: Կուրախանայինք, որ Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվի առաջնությունը կայանալու է Երևանում, Աջափնյակի մետրոյի կառուցումն ավարտվելու է 2030 թվին»։