Մեր իրականության մեջ նաև շատ բաներ կան, որ կապիկություն են. Արսեն Գրիգորյան
Փորձ է արվում Հայաստանի հասարակությունն ատոմացնել, բաժանել, նրա միջից դուրս հանել «Մենք» -ի գաղափարը, որպեսզի թուլանա որպես ազգ, միջազգային սուբյեկտ և տարածաշրջանային գործոն։ Այն արվում է միտումնավոր՝ թուլացնելով հասարակության դիմադրողականությունը, նաև ազգային անվտանգային ռիսկերի հանդեպ։ Այն արվում է գլոբալիզացման արժեքային համակարգի միջոցով, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներ արդեն անցել են այդ գործընթացը և գիտակցելով , որ ինքնապահպանումը հնարավոր է միայն ազգային ինքնատիպուքյան և համախմբի մեջ, վերադառնում են ավանդական արժեքներին։ Վերոնշյալ հարցերի շուրջ. Panorama.am-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ։
Երգչի խոսքի հիմնական թեզերը՝ ստորև։
▪Հայրենիքը որոշվում է ծնունդո՞վ, թե՞ պատկանելությամբ, ինձ համար հայրենիքը պատկանելությամբ է։ Իմ ապրելաձևը «Մենքն» է, «Ես»-ը չէ։ Աշխարհը «Ես»-ով զարգացման գնացել է, հիմա վերադառնում է «Մենքն»-ին։ Մենք ինչ կարիք ունենք այդ ամբողջ խրթին ճանապարհով այսօր գնալու, երբ կարող ենք շրջանցել այն սխալը, որը մյուսներն են արել։
▪Գլոբալիզացիան նոր բան չէ։ Մի քանի տասնյակ տարի առաջ համաշխարհայնացման գործընթացն , որն իմ համար ցանկալի չէ, անցել են Եվրոպայի մի շարք երկրներ, և այսօր իրենք հետ են գնում դեպի ընտանիք։ Ես հաճախ եմ լինում Շվեդիայում և տեսնում եմ, թե եինչպես հենց շվեդները՝ վիկինգները հետ գնում դեպի ընտանիքի գաղափարը։ Վերջերս ընտրություններին այնտեղ ավելի շատ ազգայնական թևը հաղթեց։ Սա խոսում է այն մասին, որ իրենց մոտ էլ իրենց ազգային ինքնապաշտպանության գենետիկ դիմադրությունը սկսել է բարձրանալ։
▪Մեր իրականության մեջ նաև շատ բաներ կան, որ կապիկություն են։ Մենք փորձում ենք կրկնօրինակել՝ բայց չհասկանալով, թե այդ կրկնօրինակումն ինչ նպատակ ունի։ Նպատակի ձևավորում պետք է լինի ամեն ինչի մեջ։ Ամեն քայլի մեջ պետք է նպատակ լինի։ Այն նաև աստվածային պարգև է, առաքելություն, կապ չունի՝ փոքր է, թե մեծ։
▪Մի քիչ մեր աչքերը բացենք, հասկանանք, թե մեր տեսակի վրա ինչ պարտականություն կա՝ որպես աշխարհի մի մաս կազմող։ Դրանից առաջ՝ թե մեզ համար ինչ ունենք անելիք։ Մենք ոչ միայն պետք է գոյատևենք, այլ՝ մեր ինքնությամբ պետք է գոյատևենք, ոչ թե որպես ֆիզիկական երևույթ՝ մարդ, որը չունի պատկանելություն։ Ես չեմ ուզում ապրել որպես մարդ՝ առանց ազգային պատկանելության, առանց ընտանիքի պատկանելության, որովհետև ազգը ընտանիքն է՝ իմ ընտանիքը և մեծ ընտանիքը։ Ավելի կարևոր է իմ մեծ տունը, քան փոքր տունը, որը մի քանի քառակուսի մետր է, ավելի կարևոր է իմ Հայաստանը։
▪Մեր պատմության ընթացքում ընդհատումներ եղել են բայց մենք մոխրից վեր ենք հառնել ու կարողանում ենք։ Հիմա էլ կկարողանանք, սա մեր տեսակն է, հայի տեսակն է։ հայի տեսակի մեջ մնալը միայն երգել պարելը չե, այլ հավատամքը, համոզմունքը։