Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել. Արսեն Հարությունյան
«Չհանձնվողը»: Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարծում է՝ իր մասին գիրքը հենց այդ վերնագիր կունենար։ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին, որը կայանալու է Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
ԿԳՄՍ նախարարության կայքում Արսեն Հարությունյանի հետ ներկայացված է հարցազրույց։ Նա ասել է, որ տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց վնասվածքների. «Մնացածը՝ Փարիզի գորգը ցույց կտա»։
«Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցեցի շատ երիտասարդ տարիքում: Թույլ տվեցի սխալներ, որոնց միակ պատասխանատուն ես եմ: Այնքան էլ լավ չէի նախապատրաստվել, մարզումներս թուլացրել էի: Անկասկած, այդ խաղերից հետո շատ եմ փոխվել: Առհասարակ, երեք տարվա ընթացքում շատ բաներ են փոխվել թե՛ իմ կյանքում, թե՛ սպորտում, թե՛ բնավորությանս մեջ: Մարդն ամեն օր մի բան է սովորում ու հասունանում է: Հիմա ավելի վստահ ու հասուն գոտեմարտեր եմ անցկացնում: Հասկացել եմ, թե որտեղ եմ թերացել ու փորձել եմ դրանք ուղղել:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր: Ամեն ինչ քո ձեռքերում է, ու պետք չէ մյուսներին մեղադրել: Եթե ինչ-որ բան սխալ ես արել, պետք է ուղղես:
Այս պահին նախապատրաստվում եմ այնպես, ինչպես աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Ամեն ինչ պետք է անեմ լավագույնս հանդես գալու և բարձր արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան